Իտալիայում բուժաշխատողներին կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամսական մինչև 2000 եվրոյի չափով հավելավճար կտրամադրվի

16:15 • 14.05.20

Իտալիայում բուժաշխատողները կորոնավիրուսի համավարակի պայմաններում կարող են ամսական մինչև 2 000 եվրոյի չափով վճարների հավակնել, որոնք նախատեսված են նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Իտալական Corriere della Sera թերթի տեղեկություննեով՝ նման դրույթ է ներառված համավարակից տուժած բնակչությանը և ձեռնարկություններին 55 միլիարդ եվրոյի չափով տրամադրվելիք աջակցության նոր փաթեթում, որն արժանացել է կառավարության հավանությանը։

Թերթի փոխանցմամբ՝ ընտանիքների աջակցության համար ընդհանուր նախատեսվում է 700 միլիոն եվրո տրամադրել։ Այն, մասնավորապես, մինչև 12 տարեկան երեխա ունեցող և աշխատող ծնողների ընտանիքների համար դայակի վարձատրության ծախսն է։

Նշվում է, որ այս միջոցները կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված դպրոցների պայմաններում կարող են օգտագործվել նաև ամառային մանկապարտեզների վճարների մուծման համար։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, որից ավելի քան 295 000-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: