Մարտունիում կորոնավիրուսով վարակված ընտանիքներից մեկի տան վրա անհայտ անձինք ոչ պարկեշտ գրառումներ են արել՝ «վիրուսոտներ» և այլն. տեղում աշխատում են մարզային ոստիկանները․ համայնքապետ

13:49 • 14.05.20

14.24

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ այսօր առավոտյան 08:50-ին Մարտունու Մյասնիկյան փողոցի բնակիչներից մեկն ահազանգել է ոստիկանության բաժին՝ հայտնելով, որ իր հարևաններից մեկի տան պատին անհասկանալի գրառումներ կան։ Այս պահին ահազանգի ստուգման գործունեություններ են իրականացվում։

13:49

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տներից մեկի վրա, որը պատկանում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների, անհայտ անձինք ոչ պարկեշտ գրառումներ են արել, գրել «վիրուսոտներ» և այլ բառեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը:

«Հարձակում չի եղել, մենք առավոտն ենք տեսել գրառումները: Իմ տեղակալի հերևանների տունն է: Գրեթե վստահ եմ, որ անողները երեխաներ են, «լակոտություն» են արել»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե տեղում աշխատում են մարզային ոստիկանապետը, այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ:

«Այժմ տարածքի տեսախցիկներն են ստուգում՝ գրառումներն անողներին գտնելու համար»,-ասաց նա:

Համայնքապետը հայտնեց նաև, որ այս պահին ընտանիքի բոլոր երեք անդամները մեկուսացված են:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզում այս պահի տվյալներով գրանցվել է կրոնավիրուսի 211 դեպք: