2019 թ.-ին աշխարհի 9 երկիր 73 միլիարդ դոլար է ծախսել միջուկային զենքի վրա, որից կեսը՝ միայն ԱՄՆ-ն. զեկույց

16:55 • 14.05.20

Նոր զեկույցի համաձայն՝ միջուկային զենք ունեցող երկրները նախորդ տարի զենքի վրա ռեկորդային 73 միլիարդ դոլար են ծախսել, միայն ԱՄՆ-ն՝ գրեթե նույնքան, որքան մնացած ութ երկրները միասին վերցրած, գրում է The Guardian պարբերականը։

Ծախսերի մասին նոր տվյալներին, որոնք արտացոլում են սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի համար ամենամեծ ծախսերը, գնահատական է տվել Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը, որը պնդում է, որ կորոնավիրուսի համավարակը ևս մի անգամ ընդգծում է միջուկային սպառազինությունների մրցավազքի անօգուտ լինելը:

Նշվում է, որ միջուկային զենք ունեցող աշխարհի ինը երկիր 2019 թվականին ընդհանուր 72,9 միլիարդ դոլար է ծախսել միջուկային զենքի վրա, որը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարներից 35,4 միլիարդ դոլարը ծախսել է միայն Թրամփի վարչակազմը, որը երեք տարվա ընթացքում արագացրել է ԱՄՆ զինանոցի արդիականացումը:

Զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը ցածր մակարդակի վրա է, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի ժամկետը սպառվում է ինը ամսից, և դրա երկարաձգման վերաբերյալ դեռ համաձայնություն չկա:

Հայտնի է, որ նոր ժամանակակից սպառազինությունների մշակման մասին հայտարարած Ռուսաստանը 2019 թվականին ծախսել է 8,5 միլիարդ դոլար, իսկ Չինաստանը, որը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համեմատ ավելի քիչ «միջուկային հզորություն» ունի, նախորդ տարի ծախսել է 10,4 միլիարդ դոլար։