Ֆրանկֆուրտցի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի որոնումներում գրանցած առաջընթացի մասին

20:26 • 14.05.20

Ֆրանկֆուրտի համալսարանական հիվանդանոցի և Գյոթեի համալսարանի կենսաքիմիկոսների ու վիրուսաբանների թիմը պարզել է, թե ինչպես են փոփոխվում մարդկային բջիջները SARS-CoV-2 հիվանդության ազդեցության ներքո: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում:

Հետազոտողները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են մի շարք միակցություններ և բացահայտել, որ դրանցից ոմանք կարող են դանդաղեցնել կամ արգելափակել վիրուսի բազմացումը: Այս բացահայտումը թույլ կտա նեղացնել դեղամիջոցներում ակտիվ նյութի որոնման շրջանակը: 

Մասնագետները ստացել են մարդու օրգանիզմում SARS-CoV-2 վիրուսի զարգացման պատկերը և հետաքրքիր բացահայտում են արել, որի համաձայն՝ կորոնավիրուսն աննշան ազդեցություն է ունենում մարդկային բջիջների կողմից սպիտակուցի արտադրության վրա:

Ֆրանկֆուրտյան մասնագետների ուսումնասիրության արդյունքներն արդեն հայտնվել են մի շարք դեղագործական ընկերությունների ուշադրության կենտրոնում: Վիրուսի բազմացումը կանգնեցնող ակտիվ նյութերից նշվում է 2-Deoxy-D-գլյուկոզան: