Երևի քաղաքական փորձառությունս այնքան բավարար չէր, որ խոսքս այնպես ձևավորեի, որ շահարկումների տեղիք չտար. Բաբկեն Թունյանը՝ ԱԺ ծեծկռտուքից առաջ իր ելույթի մասին (տեսանյութ)

12:11 • 14.05.20

Երևի քաղաքական փորձառությունս այնքան բավարար չէր, որ խոսքս այնպես ձևավորեի, որ շահարկումների տեղիք չտար, ու բուն թեման թողած՝ մարդիկ կոնկրետ իրենց ուղղված խոսքը չուղղորդեին հասարակության բոլոր անդամներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին նախորդած իր ելույթին:

Հիշեցնենք, որ այդ ելույթի ընթացքում Թունյանը ներկայացրեց, որ երբ վարչապետը հայտարարել է, որ Կառավարության աջակցության 9-րդ միջոցառման ծրագրով, որով պետք է աջակցություն ստանային խոցելի խմբերը, աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունիեն 20 միլիոն դրամից և 1 միլիարդ դրամից ավելի ավանդներ, և կոնկրետ թվեր նշել՝ օրինակ՝ 50 կամ 70 հոգի, հիմք է տվել ենթադրելու, որ այդտեղ խախտվել է բանկային գաղտնիքը: Ելույթի ընթացքում Թունյանը ներկայացրել էր տվյալների ստացման ընթացակարգն ու նշել, թե ովքեր այդպես չեն կարծում, ապա կա՛մ բութ են, կա՛մ սրիկա:

«Վարչապետի այդ հայտարարության հիման վրա սկսկեցին արվել հայտարարություններ, թե ՀՀ-ում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, մեր բանկային համակարգին վստահել չի կարելի: Շատ դեպքերում մարդիկ կարող էին նման կասկած ունենալ, քանի որ մանրամասնորեն չեն տիրապետում ընթացակարգերին, բայց որոշ դեպքերում դա արվում էր ակնհայտ միտումնավոր, որ մարդկանց մոտ տպավորություն առաջանա, թե իշխանությունը զբաղված է Բանկային գաղտնիքի մասին օրենքը խախտելով: Իմ ելույթում խոսքը ոչ թե վերաբերում էր այն մարդկանց, որոնք այդպես կասկածում են, այլ նրանց, որոնք միտումնավոր մեղադրանքներ են հնչեցնում գործող իշխանությունների հասցեին»,-նշեց նա:

Պատգամավորը ներկայացրեց, որ յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, նրա վերցրած վարկերի ծավալը հանդիսանում է բանկային գաղտնիք, բայց ամփոփ տվյալներ պետական մարմիններն ու լրագրողները հարցման միջոցով կարող են ստանալ:

«Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել և ներկայացնել, թե տվյալ բանկի միջոցով աջակցություն է ստացել 30 000 շահառու, ու ներկայացնել, թե այդ շահառուներից քանիսն են, որ ունեն 10 միլիոն դրամից ավելի ավանդ, քանիսն ունեն 20 միլիոն դրամից ավելի ավանդ, քանիսն ունեն 1 միլիարդ դրամից ավելի ավանդ՝ առանց կոնկրետ ավանդատուներին իդենտիֆիկացնելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ավանդատուների ընդհանուր թիվը՝ առանց ավանդատուին իդենտիֆիկացման, ոչ միայն բանկային գաղտնիք չէ, այլև անհրաժեշտ ինֆորմացիա է, որ պետությունը կարողանա ճիշտ քաղաքականություն մշակել:

Թունյանին նաև հարց ուղղվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարության վերաբերյալ, թե պետությունն օրական կորցնում է մոտ 40 միլիոն դոլար, ինչին ի պատասխան՝ Թունյանն ասաց, թե չգիտի՝ ընդդիմադիր պատգամավորն այդ թիվն ինչ հաշվարկների հիման վրա է ստացել, բայց Կառավարության որոշումները կայացվում են՝ բոլոր հանգամանքները հաշվի առնելով:

Մանրամասները՝ տեսանյութում: