ՀԴԲ-ն 1 մլն դոլար է խոստացել Աֆղանստանում ամերիկացի զույգին առևանգողներին բռնելու համար
Հետաքննությունների դաշնային բյուրոն մեկ միլիոն դոլար պարգևատրում է խոստացել ԱՄՆ քաղաքացի Քեթլան Քոլմանին և նրա կանադացի ամուսին Ջոշուա Բոյլին առևանգողներին ձերբակալելու և արդարադատության առաջ կանգնեցնելու համար:
Ինչպես նշում է theguardian.com-ը, զույգն առևանգվել էր ութ տարի առաջ Աֆղանստանում: Հայտնի է 2012թ. ամուսնությունից կարճ ժամանակ անց զույգն ուղևորվել է Աֆղանստան, որտեղ նրանց առևանգել է «Թալիբան» շարժման հետ կապված մի խմբավորում: Գերության մեջ գտնվելու ընթացքում կինը երեք երեխա է ունեցել:
«Երբեմն նրանք այնքան դաժան էին՝ նույնիսկ երեխաների հետ: Պահակներից ոմանք իրականում ատում էին երեխաներին, թիրախավորում էին նրանց, փորձում էին նրանց հարվածելու համար պատճառ գտնել»,- գերությունից ազատվելուց որոշ ժամանակ անց ABC News-ին տված հարցազրույցում պատմել էր Քոլմանը:
Հայտնի է, որ ստորգետնյա թաքստոցներում պահվող զույգին 2017թ. ազատել են պակիստանցի զինվորները, ինչից հետո ընտանիքը վերադարձել է Կանադա:
Այժմ ՀԴԲ-ն փորձում է պարզել զույգին առևանգողների ինքնությունը:










