Ես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում չեմ աշխատել, երբեք այնտեղ չեմ եղել և նույնիսկ տեղյակ չեմ այնտեղ պահվող փաստաթղթերից. Հրանուշ Խառատյան

13:50 • 15.05.20

Հարգելի´ ընթերցողներ, Tert.am-ը մայիսի 12-ին՝ ժամը 22:56-ին, արտատպել էր 168.am-ի մի հոդված, որին սխալմամբ դրվել էր «Ադրբեջանցի Էյդար Զեյնալովին հասանելի կլինեն Ցեղասպանության ինստիտուտի արխիվները. ծրագրում ընդգրկված է նաև Հրանուշ Խառատյանը. 168.am» վերնագիրը: Հոդվածի հրապարակումից հետո Tert.am-ն ընթերցողի օգնությամբ նկատեց, որ հոդվածի վերնագիրը խեղաթյուրված է, ինչից հետո վերանայվեց նյութը և փոխվեց նյութի վերնագիրը, ինչպես նաև լուսանկարը: Հավանաբար խեղաթյուրման տարրեր է ընկալել նաև Հրանուշ Խառատյանը, ում մասին հոդվածում որոշ հարցադրումներ կային: Նա մայիսի 13-ին պատասխանել էր այդ հոդվածին, բայց քանի որ Tert.am-ն արդեն փոխել էր հոդվածի վերնագիրը, նրա ուղարկած հոդվածը չհրապարակեցինք: Հիմա այս նախաբանով հրապարակում ենք Հրանուշ Խառատյանի պատասխանը Tert.am-ում հրապարակված «Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում» վերնագրով հոդվածին, ինչպես նաև տեղադրում ենք 168.am-ում հրապարակված այդ հոդվածին Lragir.am-ում հրապարակված նրա պատասխանը:

«Շատ եմ ուզում հասկանալ՝ ո՞րն է ձեր նպատակը, խեղաթյուրումներով ջուր պղտորելը և ատելություն բորբոքելը, իրականությունը պարզե՞լը, թե Հայոց Ցեղասպանության բազմատեսակ խնդիրների շուրջ հետազոտություններին խանգարելը (Терт.ам-ի հրատարակած «Ադրբեջանցի Էյդար Զեյնալովին հասանելի կլինեն Ցեղասպանության ինստիտուտի արխիվները. ծրագրում ընդգրկված է նաև Հրանուշ Խառատյանը. 168.am» հոդվածի առթիվ): 

Ի՞նչ պատկերացում ունի այդ հոդվածագիրը արխիվի, արխիվից օգտվելու, արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու մասին: Նայեք Հայաստանի Հանրապետության Օրենքը «Արխիվային գործի մասին»: Այն ընդունվել է 2004 թվականի հունիսի 8-ին: Սևով սպիտակի վրա գրված է.

Հոդված 2.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արխիվային գործի մասին
 
1. Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից և իրավական ակտերից ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Ըստ այդ օրենքի 7-րդ գլխի 21-րդ հոդվածի, որը վերնագրված է «ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ», ունի երկու կետ

1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի ազատ որոնելու և ուսումնասիրության նպատակով պետական և համայնքային արխիվներից ստանալու արխիվային փաստաթղթեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Պետական և համայնքային արխիվներում արխիվային փաստաթղթերից օգտվողի համար արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ապահովվում է տեղեկատու-որոնողական միջոցների և դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների կամ պատճենների տրամադրմամբ:

Դրան հաջորդում է 22-րդ հոդվածը՝ «Արխիվային փաստաթղթերի մատչելիության սահմանափակումները».

1. Արխիվային փաստաթղթերից օգտվողին արխիվային փաստաթղթերի մատչելիությունը կարող է սահմանափակվել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականատերերի որոշումներին համապատասխան:

2. Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից, սահմանափակվում է պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ և հատկապես արժեքավոր փաստաթղթերի բնագրերի և ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող արխիվային փաստաթղթերի նկատմամբ: Պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի նկատմամբ մատչելիության սահմանափակումները վերացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Մարդու, իսկ մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ, քան դրանց ստեղծման ժամանակից 100 տարվա ժամկետը:

Եվ վերջապես հոդված 23-ը՝ «Արխիվային փաստաղթերի օգտագործումը»

1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի իրեն տրամադրված արխիվային փաստաթղթերում պարունակած տեղեկատվությունն օգտագործելու, փոխանցելու և տարածելու ցանկացած օրինական նպատակով և միջոցով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի

2. Պետական և համայնքային արխիվներն արխիվային փաստաթղթերից օգտվողի համար անվճար ապահովում են արխիվային փաստաթղթերի որոնման և ուսումնասիրման համար անհրաժեշտ պայմաններ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց մոտ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքներ կամ արխիվային փաստաթղթերի պատճեններ:

4. Պետական և համայնքային արխիվները, ինչպես նաև պետական կամ համայնքային կազմակերպությունները կարող են արխիվային փաստաթղթերից օգտվողին ցուցաբերել վճարովի տեղեկատվական ծառայություններ, կնքել նրա հետ պայմանագրեր` արխիվային փաստաթղթերի և դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման մասին:

5. Պետական և համայնքային արխիվները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում են նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկատվություն և արխիվային փաստաթղթերի պատճեններ:

Այսքան ընդարձակ մեջբերումներն արվեցին մի նպատակով՝ հասկանալի է, որ ո՛չ Խառատյան Հրանուշը, ո՛չ Հարություն Մարությանը, ո՛չ արխիվի վարիչը, ո՛չ որևէ մեկ այլ անձ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ, թե ով կամ ինչպես կարող է արխիվային փաստաղթերի հետ աշխատել:  Դա որոշում է ՀՀ ՕՐԵՆՔԸ: Ամեն մեկը, ով կշրջանցի այդ օրենքը, կանի ապօրինի քայլ և ենթական կլինի օրենքով սահմանված պատասխանատվության: Օրենքն է կարգավորում այդ հարցը և միայն օրենքով է կարելի արխիվային նյութերի, փաստաթղթերի հետ աշխատել: ՀՀ օրենքն է կարգավորում նաև պետության անվտանգությանը սպառնացող փաստաթղթերի գաղտնիության հարցը: Դրանք մինչև չգաղտնազերծվեն՝ ուսումնասիրողներին մատչելի չեն դառնա:

ՀՀ օրենքը արտասահմանցիներին չի արգելում ուսումնասիրություններ կատարել ՀՀ արխիվներում, և եթե 168.am-ի՝ չգիտեմ պայմանական, թե իրական ընտրված անձը՝ «ադրբեջանցի Էյդար Զեյնալովը» գա Հայաստան, գնա որևէ արխիվ և ուզենա այնտեղ ուսումնասիրություններ կատարել՝ նա այդ իրավունքն ունի: Այդ իրավունքն ունեն բոլոր հետազոտողները՝ Թուրքիայից, Իսրայելից, Գերմանիայից, եվրոպական, ասիական, աֆրիկյան... մայրցամաքներից: Ուշադիր կարդացեք օրենքը: Այնտեղ արխիվում աշխատելու ՀՀ քաղաքացիների և արտասահմանցիների միջև որևէ տարբերություն կա՞: Անկախ իմ՝ Հրանուշ Խառատյանի, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի, ֆոնդերի վարիչ Գոհար Խանումյանի կամքի: Այդ իրավունքը նրանք ունեն Արխիվների մատչելիության մասին ՀՀ օրենքով: Նույն կերպ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել աշխարհի այն բոլոր երկրների արխիվներից, որոնք բաց են: Այդ թվում՝ Թուրքիայի:

Կոնկրետ ես՝ Հրանուշ Խառատյանս ՀՑԹԻ արխիվում երբեք չեմ եղել, բնականաբար այնտեղ չեմ աշխատել, և նույնիսկ տեղյակ չեմ այնտեղ պահվող փաստաթղթերին: Պարզեք, խնդրում եմ, այդ հարցը թանգարանի նախկին և ներկա տնօրենի, ֆոնդապահների կամ այլ աշխատակիցների հետ: Վերջին երկու տարին ես աշխատում եմ Անդրֆեդերացիայի Կովկասյան Բյուրոյի արխիվի հետ: Անդրֆեդերացիան եղել է 1922-1936թթ. միջակայքում, և Հայաստանի պատմության բազմաթիվ արխիվային փաստաղթեր, լինելով Անդրֆեդերացիայի մաս, գտնվում են Թիֆլիսում՝ Անդրֆեդերացիայի կենտրոնում: Պատկերացրեք, եթե Վրաստանի օրենքը մեզ արգելեր աշխատել այդ արխիվային փաստաթղթերի հետ: Վրաստանի արխիվից բազմաթիվ փաստաթղթերի պատճեններ եմ բերել Հայաստան: Եվ ոչ միայն Վրաստանի, նաև Ռուսաստանի տարբեր արխիվներից: Հիմա իմ նպատակն ավելի շատ տարբեր արխիվներից հայ ժողովրդի և Հայաստանի հետ կապ ունեցող փաստաթղթերի պատճեններ բերելն է և ես այդ ուղղությամբ եմ աշխատում: Այդ պատճենների համար մենք միշտ վճարում ենք: Եվ շատ դժվարությամբ ենք ճարում փողը: Նույն կերպ ՀՀ արխիվներից որևէ փաստաթղթի պատճե ստանալու համար են վճարում: Թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ արտերկրի հետազոտողները: Հիմա ի՞նչ անեմ, վախենա՞մ հանրային կարծիք պղտորողներից և այդ ուղղությամբ չաշխատե՞մ:

Թերթ-ը գրում է՝ «Թանգարան-ինստիտուտի ֆոնդերում փոփոխություններ կատարելու աշխատանքներին ազգագրագետ, թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի մասնակցությունը չհերքվեց»: Է հա, ՀՑԹԻ-ում կառուցվածքային փոփոխություններ անելը մի ծրագիր է, որը պիտի հաստատվեր կամ մերժվեր ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների կողմից, և այս չափով նրանք բոլորն են մասնակից այդ ծրագրի հաստատմանը: Հրանուշ Խառատյանը՝ նրանցից մեկը: Խնդիրն ի՞նչ է:

Շատ եմ ուզում հասկանալ՝ ո՞րն է այս ամենի նպատակը, խեղաթյուրումներով ջուր պղտորե՞լը,  ատելություն բորբոքե՞լը, իրականությունը պարզե՞լը, թե Հայոց Ցեղասպանության բազմատեսակ խնդիրների շուրջ հետազոտություններին խանգարելը: Վերջ ի վերջո եթե արխիվներին որևէ վտանգ է սպառնում՝ ամենատրամաբանականը կլինի իրավապահներին դիմելը՝ եկեք, տեսեք, կանխեք: Ինչու՞ չի արվում»:

տորև ներկայացնում են Lragir.am-ում հրապարակված «Ես հասկանում եմ պարոն Հայկ Դեմոյանին: Նա ինձ վրա բավական ժամանակ է վատնել՝ կարծելով, որ ես եմ որոշում ՀՑԹԻ-ի տնօրենի նշանակման հարցը» վերնագրով Հրանուշ Խառատյանի պատասխանն ամբողջությամբ: 

Արդեն տևական ժամանակ է Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հետևողականորեն տարատեսակ ապատեղեկատվություններ է տարածում իմ և որդուս հասցեին, առանցքում պահելով իբրև թե մոր և որդու համագործակցությամբ թանգարանի տնօրինությունը Հարություն Մարությանին «հանձնելու» գործում: Հասկանալի է՝ խնդրին անտեղյակ մարդկանց վրա սա տպավորություն գործում է: Որպես իմ նախկին ուսանողի՝ Հայկ Դեմոյանի մասին հրապարակային կուզենայի խոսել միայն դրականի մասին: Հիմա նույնպես վատ բան չեմ ուզում ասել, բայց երեկվա 168 ժամին տված նրա հարցազրույցը ուղղակի ստիպում է որոշ պարզաբանումներ անել:

168-ի ժամի որպես հարց ձևակերպումը, թե «Պնդումներ կան, որ Մարությանի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելը հաջողվել է Հրանուշ Խառատյանի ու նրա որդու՝ Արսեն Խառատյանի ջանքերով: Ըստ տեղեկությունների՝ նրանք որոշ ծրագրերի շրջանակներում միասին են գործել և հիմա էլ շարունակում են գործել: Նրանց համագործակցության մեջ խնդիր տեսնո՞ւմ եք», կարծում եմ, բացառապես պարոն Դեմոյանի պնդումներն ու տարածած «տեղեկություններն» են, որին էլ հենց ինքը պատասխանում է. «Շահերի բախում միանշանակ կա: Հարություն Մարությանի նշանակումը տնօրենի պաշտոնին տեղի է ունեցել Հրանուշ Խառատյանի և Արսեն Խառատյանի անմիջական մասնակցությամբ: Նրա ընտրությունը կբնորոշեմ՝ որպես կոռուպցիոն գործարք՝ անօրինական, թայֆաբազական սկզբունքներով իրականացրած: Այդ մասին է նաև վկայում այն, որ իմ՝ 3 օրով Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ Մշակույթի նախարարն ու փոխնախարարը մի քանի անձանց կողմից ներարկվելով՝ ներխուժել էին իմ աշխատասենյակ, որտեղ Միացյալ Նահանգներից բերված ահռելի նյութ է եղել: Դա ես համարում եմ, որ եղել է անփորձությունից, հատկապես, որ նախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն անվանում էր Եղեռնի տուն-թանգարան, ահա գոնե չիմացության պատճառով կարելի է ներել նրան»:

Այլ կերպ ասած՝ ոչ մի փաստարկ չկա Հրանուշ Խառատյանի և Արսեն Խառատյանի մասնակցության մասին, բայց հաստատում կա՝ «Հարություն Մարությանի նշանակումը տնօրենի պաշտոնին տեղի է ունեցել Հրանուշ Խառատյանի և Արսեն Խառատյանի անմիջական մասնակցությամբ»:

Ամենայն պատասխանատվությամբ հանրությանը տեղեկացնում եմ, որ ՀՑԹԻ տնօրենի նշանակման հարցի շուրջ միակ մարդը, ով փորձել է այդ հարցում ներգրավել ինձ և որդուս՝ Արսեն Խառատյանին, եղել է պարոն Հայկ Դեմոյանը: 2018թ. հուլիսին նա ինձ ԱՄՆ-ից գրել էր, որ պատրաստվում է վերադառնալ Հայաստան, որ ՀՑԹԻ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարություն է եղել, չնայած ինքը դեռևս տնօրեն է, և որ կուզենա ինձ հետ խոսել ՀՑԹԻ տնօրինության հարցի շուրջ իր նկատմամբ անցյալում եղած անօրինականությունների մասին և հանդիպում էր խնդրել: Հանդիպել և զրուցել ենք հունիսի սկզբին: Պարոն Դեմոյանը իր տեսակետից ներկայացրել է տնօրինի պաշտոնից իր ազատման նախապատմությունը: Աստեղ ուշագրավ նյութեր կան, ասել է, որ փորձում է իր տեսակետը հասցնել նոր նախարարին, բայց նա իրեն չի ընդունում, և խնդրել է օժանդակել իր հանդիպմանը ԿԳ նախարարի և նրա տեղակալի հետ: Ես ասել եմ, որ տեղյակ չեմ, թե ինչու այդ հանդիպումը չի կայանում, և ոչ էլ այն մարդն եմ, ում միջնորդությամբ կարող է այդպիսի հանդիպում կայանալ, բայց շահագրգիռ եմ, որ ՀՑԹԻ-ի տնօրինության հարցը թերասացությունների և բամբասանքների դաշտում չհայտնվի: Առաջարկել եմ գրավոր իր դիտարկումները ներկայացնել ԿԳ:

Դրան հաջորդել են մամուլով պարոն Դեմոյանի որոշ, մեղմ ասած կոշտ հայտարարություններ, որոնք շփոթության մեջ էին գցում մարդկանց: Քանի որ այդ շրջանում Հայաստանում չէի, ես իմ պարտքն եմ համարել նամակ գրել պարոն Դեմոյանին: Այդ նամակը ուղարկվել է 28.06.2018-ին.

«Հարգելի պարոն Դեմոյան, մեծ ցավով եմ հետևում ՀՑԹԻ-ի և դրա տնօրինության շուրջ գրառումներին: Քանի որ մոտ քսան օր առաջ մեր հանդիպմանը Դուք մի փոքր տարբեր ներկայացրիք անցյալի իրավիճակը՝ հարցականներ ունեմ: Դուք ասում էիք, որ Ձեր պաշտոնավարման ժամկետը լրանալիս ինքներդ չեք ցանկացել շարունակել տնօրինությունը և հրաժարվելիս Սերժ Սրագսյանին ասել եք, որ Ձեզ կարող է փոխարինել Սուրենը [Սուրեն Մանուկյանը պարոն Դեմոյանի տեղակալն էր], բայց Սերժ Սարգսյանը, ինչպես Դուք էիք ասում, մերժել է Ձեր առաջարկը, և հետո, վերջին օրը Դուք իմացել եք, որ որպես թանգարան-ինստիտուտի ապագա տնօրեն նախապատրստվում է կոմայի մեջ գտնվող Ա.Կ. թեկնածությունը: Հիմա, ըստ Ձեր գրառումների, պարզվում է, որ Սուրենի թեկնածությունը նախապատրաստվում է ԿԳՆ կողմից, և հանդիսանում է Ձեր առարկությունների հիմնական կետը, չնայած հիմա էլ Առավոտ-ում հերքումով հանդես է եկել Սուրենը: Այսինքն կարծեք թե տնօրենի դերում նրա թեկնածության հարցը չկա: Անշուշտ չեմ հավակնում նրբություններն իմանալու, բայց եթե մեկ տարի առաջ Դուք ինքներդ չէիք ուզում շարունակել թանգարան-ի ստիտուտի տնօրինությունը և հնարավոր էիք համարում, որ Սուրենը ժառանգի թանգարան ինստիտուտի տնօրենությունը, ինչու՞մ է այն առանցքային խնդիրը, որն այսօր դարձել է այսպիսի տգեղ հանրայնացումների՛ առիթ: Չեմ բացառում, որ նախորդ իշխանությունները թանգարան-ինստիտուտի կարգավիճակը փոխել են առանց Ձեզ հետ համաձայնեցնելու, բայց նրանք իրավապես դա կարո՞ղ էին անել ին-տի տնօրենի պաշտոնական պաշտոնակատարի հետ: Բայց հիմա սա նույնիսկ չի էլ քննարկվում, չի քննարկվում նաև թանգարան ինստիտուտի կարգավիճակի փոփոխության հարցի իրավունակությունը, հրապարակի վրա բացառապես մեղմ ասած հեգնանքի ու զրպարտանքների հախուռն, սթափության և թանգարան-ինստիտուտի ապագայի մտահոգ խնդիրների հետ կապ չունեցող խոսքահեղեղ է: Դուք սա պատշա՞ճ եք համարում Ձեր դիրքին: Գուցե ավելի ճիշտ կլիներ կոնկրետ թանգարան-ինստիտուտի խնդիրների՞ շուրջ հարցեր բարձրացնել, որով նաև՝ թանգարան ինստիտուտը պատշաճ ուղիով տանելու ծրագրերը կքննարկվեին. … Ներեցեք, խնդրում եմ, բայց բոլորովին չէի ուզենա Ձեզ այս դերում տեսնել; Անշուշտ եթե հարկավոր չհամարեք՝ կարող եք նաև այս նամակիս չպատասխանել»:

Հայկ Դեմոյանի պատասխանը,- «Սիրելի տիկին Խառատյան, Ես մի փոքր ուշ կպատասխանեմ Ձեր որոշ դիտարկումներին, սակայն այս պահին ուրիշ խնդրանքով եմ ուզում Ձեզ դիմել: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որը կարող է ավելի խորանալ ու ստեղծել էլ ավելի վտանգավոր իրավիճակ:Նախարար Արայիկ Հարությունյանը արդեն հրաժարվել է համատեղ մամուլի ասուլիսի մասնակցել: …Երկու տարբերակ կա: Կամ մամուլի ասուլիսով ես հրապարակում եմ փաստեր ու փաստաթղթեր, որի արդյունքում մեծ նոր սկանդալ կհասունանա այս անգամ արդեն արտաքին հնչեղությամբ, կամ մենք համատեղ ասուլիս ենք անում և հայտարարում ենք որ բանակցությունների արդյունքում խնդիրը հարթված է, փակում ենք այս թեման:

Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ հրապարակվելիք փաստերը շատ վատ արձագանքներ են ունենալու նոր իշխանությունների համար և ես մի քանի ընդհանուր ընկերների միջոցով, նաև Արսենի միջոցով փորձում էի զգուշացնել, որ հանդիպելու իմ ցանկությունը դրանց մասին տեղեկացնելն է, որպեսզի խուսափենք առճակատումից:…Ավաղ, չլսեցին հորդորներս ու ստացվեց այսպիսի իրավիճակ, որը կունենա նոր զարգացումներ ասուլիսի ժամանակ փաստեր հրապարակելու արդյունքում: Սպասում եմ Ձեր արձագանքին և կարծում եմ, որ Արսենը այս հարցում կարևոր դերակատարում կարող է ունենալ»:

«Հարգելի պարոն Դեմոյան, ես Արսենին չեմ տեսել տաս օր, շաբաթից ավել է՝ Հայաստանում չեմ, և առաջիկա օրերին չեմ լինելու: Ես չեմ կարող չիմացածս բաների մասին խոսել մարդկանց հետ, պարզապես Ձեր անունից սպառնալիքներ հնչեցնել, Դուք հասկանում եք՝ դա իմ աշխարհայացքի մաս չէ: Մյուս կողից, եթե Ձեր ունեցած նյութերը օբյեկտիվորեն վնաս եմ իմ երկրին՝ ավելի լավ է դրանք ջրի երես դուրս գան, ինձ համար երբեք իշխանությունը անձերով օրակարգային չի եղել, օրակարգայինը եղել է և կա իմ երկրի անվտանգությունը: Եթե Դուք ինչ որ անձնական խնդիրներով պատրաստ եք վտանգել մեր երկրի պատիվը՝ ես հազիվ թե կարողանամ դա կանխել, իսկ եթե այդ խնդիրները լուծելի են՝ ավելի լավ և ազնիվ կլինի դրանց մասին տեղյակ պահել պատկան մարմիններին. Եթե ուզում եք՝ Ձեր ուղարկած այս գրությունը կարող եմ հասցեագրել նախարարին կամ փոխնախարարին՝ Ձեր անունից, եթե ոչ՝ ես ոչնչի չեմ խառնվի».

Հայկ Դեմոյան,- Արդյոք Վաշինգտոնու՞մ եք հիմա: Երեկ գրքիս ներկայացման ժամանակ Լուսինեին տեսա:

Ոչ, ես Վրաստանում եմ, այստեղի ՆԳՆ-ի և Մարքսիզմ-Լենինիզմի ին-տի արխիվում, Անդրֆեդերացիայի կավբյուրոյի նիստերի արձանագրություններն եմ նայում: Լավ, պարոն Դեմոյան, կարող եմ փոխանցել՝ եթե ճիշտ եք համարում, բայց Ինձ համար այս ամբողջն առհասարակ սյուրռեալիզմի ժանրից է, և շատ եմ ցավում, որ Դուք շանտաժի տոնը չեք նվազեցնում՝ վախեցնել, սպառնալ, գաղտնիքներից խոսել, խուճապից խոսել … Շատ տխուր եմ;

Հայկ Դեմոյան,- Ցավում եմ, որ այդպիսի տպավորություն է թողնում գրառումներս ու ասելիքս:
29.06.18, 16:35

Իմ հարցադրումներին պարոն Դեմոյանը պարզաբանումներ ուղարկել է: Քանի որ այնտեղ տարբեր մարդկանց անուններ կան, ես հիմա այն չեմ հրապարակի, բայց հրապարակում եմ իմ պատասխանը. « Հարգելի պարոն Դեմոյան, շնորհակալ եմ նամակիս պատասխանելու և «բացատրությունների» համար: «Բացատրություններ» բառը չակերտների մեջ են, որովհետև Դուք պարտավոր չէք ինձ բացատրություններ տալ, բայց երևույթների ընթացքի ներկայացումը երևույթի բացատրություն կարող է կոչվել: Չեմ քննարկելու Ձեր պատասխանները, բոլորս էլ այս կամ այն իրավիճակում հաճախ շարժվում ենք ոչ այնքան զսպվածության, որքան իրավիճակի թելադրանքով: Հարությունի մասով ոչինչ չեմ կարող ասել՝ իր հետ չեմ զրուցել, բնականաբար տեղյակ չեմ նրա ընտրությունների մոտիվացիային: Ինչ վերաբերում է ԿԳՆ-ին, ապա ինձ այնպես է թվում, որ եթե Դուք ԿԳՆ-ին դիմելիս միանգամից ուղարկեիք քննարկման Ձեր պատկերացրած օրակարգը՝ Ա. Առկա փաստաթղթերի օրինականության ու վավերականության հարցի պարզում, Բ. Տնօրենի թեկնածուների համատեղ քննարկում, Գ. Հոգաբարձուների խորհրդի կազմի քննարկում և նախորդ թեկնածուների ընդգրկվածության ճշգրտում, Դ. Ֆրանկոֆոնիայի համաժողովի հետ կապված հարցերի քննարկում, Ե. Նոր գիտխորհրդի կազմի քննարկում, հավանաբար նրանք սրան կավելացնեին իրենց օրակարգը և հանդիպումն ու քննարկումը կկայանար; Չգիտեմ ինչ ընդհանուր հայտարարի կգայիք, բայց հանդիպումը ենթադրաբար կկայանար: Եթե, իհարկե, ԿԳՆ դիմելիս Դուք չեք օգտագործել այն արհամարհական տոնը, որն օգտագործել եք Ձեր հրապարակումում: Դատելով Ձեր կազմած օրակարգի «Գ» կետից՝ «Հոգաբարձուների խորհրդի կազմի քննարկում և նախորդ թեկնածուների ընդգրկվածության ճշգրտում», պետք է ենթադրել, որ Դուք արդեն ընդունել էիք Թանգարան ինստիտուտի հիմնադրամային կարգավիճակը և նույնիսկ ունեիք հոգաբարձուների կազմի Ձեր տեսլականը, ուրեմն ինչու՞ է հիմա վիճարկվում այդ կարգավիճակի իրավունքը: Ինձ անհասկանալի է «նախորդ թեկնածուների ընդգրկվածության ճշգրտում» արտահայտությունը,-նախկինու՞մ էլ կար հոգեբարձուների խորհուրդ, այսինքն՝ ՊՈԱԿ-ի կարգավիճակու՞մ, թե՞ արդեն հիմնադրամ դառնալուց հետո, ի՞նչ է նշանակում «նախորդ», և ով/ովքեր էին առաջադրել նախորդ խորհրդի կազմը՝ Լևոն Մկրտչյանի գլխավորած ԿԳՆ-ն՞: Ասեմ Ձեզ, որ մինչև Ձեր նամակի հանրայնացումը, մոտ տաս օր առաջ, ինձ զանգել էին ԿԳՆ-ից և առաջարկել հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալ: Չգիտեմ էլ ում էին առաջարկել, բայց ինձ առաջարկել էին: Բնականաբար դեռ ոչինչ չգիտեի այս ողջ թնջուկի մասին: Այդ առիթով խնդրել էի Հիմնադրամի կանոնադրությունը, այն ուղարկել են և ես, տեսնելով, որ հոգաբարձուների խորհրդի ստեղծումն ըստ կանոնադրության ԿԳՆ լիազորություններից է՝ առանց տնօրենի հետ խորհրդակցելու, համաձայնել եմ: Նաև սա էր պատճառը, որ ես ինձ թույլ տվեցի Ձեզ գրել՝ ինձ անհասկանալի էր, թե ինչու՞ բարձացավ այս ողջ աղմուկը: Հիշեցի մեր զրույցը և այդ զրույցի ու այսօրվա աղմուկի մեջ հակասություններ տեսա,-ինչ որ բաներ չեն ասվում ոչ Ձեր, ոչ ԿԳՆ կողմից: Նախկինում էլ ՀՑԹԻ-ի հետ կապված ոչ միշտ հասկանալի տեղեկություններ էի լսում, բայց ինձ թույլ չէի տալիս հարցեր տալ՝ տեղեկություններիս միակողմանի լինելու և նաև ՀՑԹԻ-ի ներքին կյանքին առնչություն չունենալուս պատճառով: Իսկ հիմա ինձ անհրաժեշտ էր կողմնորոշվել: Ես վստահ էի, որ հոգաբարձուների խորհրդի հենց առաջին նիստը որոշում կընդունի տնօրենի տեղի մրցույթ հայտարարելու մասին: Եթե Դուք ուզում էիք շարունակել ազդել թանգարան-ինստիտուտի հետագա զարգացումների վրա, կարող էիք մասնակցել առաջիկայում տնօրենի համար հայտարարվող մրցույթին և, Ձեր հետևում հարուստ փորձ ունենալով՝ հավակնել շահել մրցույթը: Գուցե դա ավե՞լի ճիշտ ճանապարհ կլիներ. Մյուս կողմից՝ հնարավոր է, որ Դուք ԿԳՆ-ի հետ նախապես ուզում էիք համաձայնեցնել թանգարան-ինստիտուտը տնօրինելու Ձեր շանսերը: Դուք, անշուշտ, բոլորովին միամիտ մարդ չեք և շատ լավ հասկանում եք, որ Ցեղասպանության թանագարան-ինստիտուտի վերջին տասնամյա ուղին, կայացմանը զուգահեռ, իր հետևից քաշում է նաև տխուր պատմությունների մի շղթա, թե ներքին հարաբերությունների, թե արտաքին ազդեցությունների, թե ֆինանսական հոսքերի առումով: Անկասկած, Դուք դրանց բացատրությունները կունենաք, բայց վստահաբար գիտեք, որ բացատրությունների իրավունքը միայն Ձերը չի, և կան/կլինեն նաև այլ բացատրություններ: Ինձ լիովին անհասկանալի է Ձեր տեքստի հետևյալ պարբերությունը,-«Ես ուզում էի, որ իմ հեռանալը անցնցում լինի ու ավելորդ խուճապ չստեղծի, հատկապես թանգարանային արժեքներն ու ամբողջական հավաքածուներ նվիրած անձանց շրջանում: Միայն այսօր երկու զանգ եմ ստացել Փարիզից ու ԱՄՆ-ից, մարդիկ անհանգստացած են իրենց խոշոր հավաքածուների հետագա ճակատագրի շուրջ ու ակնարկում էին դրանք հետ վերցնելու հնարավորության մասին: Նախարարության այսպիսի անխոհեմ վարքագծի պատճառով կարող է վտանգավոր խուճապ սկսվի ու հազարավոր բացառիկ նյութեր ու նմուշներ ուղղակի պահանջեն հետ վերցնեն: Անցումը պետք է սահուն ու հանգիստ լիներ»:

Տպավորությունն այնպիսին է, որ մարդիկ նյութերի նվիրատվություններ են արել ոչ թե երկրի, պետության թանգարան-ինստիտուտին, այլ Հայկ Դեմոյանին: Այդ կարգի նվիրատվություններ են արվում Մատենադարանին, Պատմության թանգարանին ևլն, բայց դրանք չեն ազդում այդ հիմնարկերի վերակազմավորումների և ղեկավարների փոփոխության վրա, վերջիններս էլ խուճապ չեն առաջացնում նվիրաբերողների մեջ: Ձեր այս տեքստից այնպիսի զգացում է, որ Հայկ Դեմոյանը նույնականանում է ՀՑԹԻ-ի հետ, ինչն արդեն իսկ լավ բան չէ: Լավ է, որ Ձեզ վստահում են, լավ չի, որ հիմնարկն այն վիճակում է, որ տնօրենի փոփոխությունը կարող է կազմալուծել այն: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մահկանացուներից ոչ մեկն աշխարհի այնպիսի կենտրոն չէ, որ իր անձով փոխարինի ողջ ինստիտուտների: Այդպիսիք լինում են բռնապետները կամ բռնապետության ձգտողները: Պատահական չէ Դավիթ Հարությունյանի դատողությունը՝ ՀՀԿ-ն մենաշնորհայնացնում էր ՀՀ քաղաքականությունը: Վստահ եմ՝ չեք ուզում ասել, որ Դուք մենաշնորհայնացնում էիք ՀՑԹԻ-ի աշխատանքը: Ներեցեք, խնդրում եմ, բայց Դուք ինձ վաղուց գիտեք և հուսամ համոզված եք, որ Ձեզ հետ պարզապես անկեղծ եմ խոսում և ակնարկներ չեմ անում: Հարգելի պարոն Դեմոյան, իմ կարծիքը Ձեր պատասխանից հետո էլ մնաց նույնը՝ Դուք շատ ավելի խելոք եք, քան այս թնջուկի «հեղինակը», սրա խորքի չասված խոսքերը, ակնարկները, թաքնված սպառնալիքները կարող են անվանարկել Ձեզ, և դրա համար ես շատ ափսոսում եմ:

Աշնանը մեկ այլ նամակ եմ ստանում պարոն Դեմոյանից.

Տիկին Խառատյան բարև Ձեզ
Ես նկատեցի, որ Փաշինյանի ստորագրությամբ Հոգաբարձուների խորհրդի կազմը ամսի 15-ին արդեն հաստատվել է:

Բարի երեկո, այնսինքն այդտեղ հավանաբար՝ բարի առավոտ: Չգիտեմ, ճիշտն ասած, ես չեմ տեսել կազմը և տաս օրից ավել է Վրաստանում եմ:

Դեմոյանի պատասխանը. Այնտեղ մարդիկ կան, որոնք բացահայտ խոչընդոտել են թանգարանի գործունեությանը: Ձեր պարագայում ես շատ ուրախ եմ, որ ընդգրկված եք այդ ցանկում:

Կուղարկե՞ք կազմը: Դրանք անհատակա՞ն են, թե՞ ի պաշտոնե, որովհետև կանոնադրությամբ ահագին մարդ ի պաշտոնե է կամ որոշակի կառույցից:

Ինչպես տեսնում եք, պարոն Դեմոյանի հետ բավական քննարկել ենք այն հարցը, որ ՀՑԹԻ տնօրենի «նշանակումը» անձի խնդիր չի, ծրագրերի խնդիր է: Համենայն դեպս՝ իմ կարծիքով:
Հիմա, պարզվում է, պարոն Դեմոյանը այլ կարծիքի է՝ ես և որդիս ենք պարոն Հարություն Մարությանին «նշանակել» ՀՑԹԻ-տնօրեն: Ոչինչ, որ միակ մարդը, ում հետ ես ՀՑԹԻ-ի տնօրենի ընտրության մասին առհասարակ խոսել եմ, հենց ինքը՝ պարոն Դեմոյանն է: Ոչինչ, որ հոգաբարձուների 15 անդամ կա, որ դա կոլեգիալ մարմին է, որ այդ մարմինն է ամփոփում տնօրենի տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքները և մեկ առ մեկ քվեարկում չորս մասնակիցների համար: Ինչ արհամարհանք հոգաբարձուների խորհրդի կազմի նկատմամբ՝ նրանք բոլորը՝ ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ, պաշտոնական, գիտական և այլ հիմնարկների ներկայացուցիչներ, սեփական կարծիք չունեն, իրենց թիկունքում իրենց հիմնարկների կարծիքը չունեն, և ինչ որ հրաշքով «ենթարկվել են» ինձ: Նրանք համաձա՞յն են պարոն Դեմոյանի կարծիքին:

Հիմա 168 ժամ-ի հետ հացազրույցով հրապարակ է նետվում ևս մեկ ապատեղեկություն: Հարցին՝ թե «Ի՞նչ նպատակ է հետապնդում Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունը», պարոն Դեմոյանը ենթադրում է, որ «Հարություն Մարությանը, համագործակցելով Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի հետ, իրականացնում են բազմաթիվ գրանտային ծրագրեր… Տնօրենը փորձում է գրադարանն անջատել ֆոնդերից, այն ներկայացնել որպես արխիվներ, որպեսզի համապատասխանի գրանտային ծրագրի պայմաններին: Եթե դա այդպես է, թանգարան-ինստիտուտը վերածվում է պարզունակ օբյեկտի, որպեսզի ինչ-որ ՀԿ ստանա գրանտ»:

Պատասխանատու հայտարարում եմ. ՀՑԹԻ-ի հետ կապված չկա այդպիսի կամ որևէ այլ գրանտային ծրագիր կամ ծրագրի քննարկում: Առնվազն ես դրանց տեղյակ չեմ: Ես, այո, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, պարոն Մարությանին ուղարկել եմ արխիվների մասին ՀՀ օրենքները, կառավարության տարբեր կառույցների կողմից ընդունված որոշումները, ակտերը, այլ կերպ ասած՝ արխիվը կառավարելու և արխիվային աշխատանքի ՀՀ իրավական նորմերը: Առաջարկել եմ, որ դրանց ծանոթանան ՀՑԹԻ արխիվում կամ արխիվի հետ աշխատողները, առաջարկել եմ դրանք տեղադրել ՀՑԹԻ կայքէջում, ստուգել, արդյո՞ք որևէ անհամապատասխանելիություն չկա դրանց և ՀՑԹԻ ֆոնդերի աշխատանքի միջև: Մի՞թե պարոն Դեմոյանը տագնապ ունի, որ արխիվային աշխատանքի մասին ՀՀ օրենքները սպառնում են ՀՑԹԻ աշխատանքին և որ այդ համապատասխանելիության ստուգումը, ըստ պարոն Դեմոյանի, «Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենանողկալի, քստմնելի քայլն է», և ավելացնում՝ «Համարեք, որ հայտարարեցի հանցագործության մասին, մնացած գործողությունները թող ԱԱԾ-ն որոշի, եթե իմ ասածը համապատասխանում է իրականությանը»: Եթե այդպիսի տագնապ ունի, և մինչև այսօր դրանց մասին լռել է, մնում է տարակուսել, թե ինչո՞վ է առաջնորդվել պարոն Դեմոյանը թանգարան-ինստիտուտի արխիվային աշխատանքում՝ սեփակա՞ն, մասնավո՞ր օրենքներով: Այո, թերևս վատ չէր լինի, եթե «հանցագործության մասին» այս հաղորդումը ստուգվեր: Ամեն մարդ կարող է սխալվել, բայց զրպարտանքը սխալվել չի: Ինչքա՞ն կարող ենք ապրել, բայց վախենալ նաև աշխատել զրպարտանքների խրախճանքի մթնոլորտում:

Հրանուշ Խառատյան