ՀԱՊԿ-ը համավարակի պատճառով չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված զորավարժությունները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված զորավարժությունները, պատրաստություններն ընթանում են ըստ ժամանակացույցի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ծրագրված է անցկացնել ՀԱՊԿ երկրների 8 համատեղ զորավարժություն: Դրանք բոլորը ծրագրված են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Սովորաբար դրանք միշտ անցկացվում են հենց այդ ժամանակահատվածում: Դեռևս մենք չենք չեղարկել դրանք, և պատրաստություններն ընթանում են ըստ ժամանակացույցի»,-ասել է Զասը:
«Իհարկե, կելնենք իրավիճակից: Եթե այն բարենպաստ լինի, զորավարժություններ կանցկացնենք ըստ ծրագրի: Եթե ռեալ սպառնալիքներ կլինեն զորավարժությունների մասնակիցների կյանքին, ստիպված կլինենք դրանք հետաձգել»,-ավելացրել է գլխավոր քարտուղարը:
Զասը նշել է, որ զորավարժությունների ընթացքում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու զորակազմերի բուժապահովմանը, ռազմական բժշկության մասնագետների և ստորաբաժանումների գործողություններին՝ ռազմական գործողությունների ընթացքում:
Գլխավոր քարտուղարը կարևորագույնն է համարել «Որոնում-2020» հետախուզության ուժերի և միջոցների մասնակցությամբ զորավարժությունը Հայաստանում, «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժություններն օպերատիվ արձագանքման համատեղ ուժերով, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ «Անքակտելի եղբայրություն 2020» զորավարժությունը Բելառուսում և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումով «Կոբալտ-2020» զորավարժությունը Տաջիկստանում:










