Ավստրալիայում համավարակի ընթացքում քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման համար 30,9 մլն դոլար կհատկացվի
Ավստրալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման համար 48,1 միլիոն ավստրալական դոլար (30,9 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի, հայտնել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այսօր 48,1 մլն ավստրալական դոլար ենք հատկացնում կորոնավիրուսի համավարակի ընթացքում ազգային ծրագրի (հոգեկան առողջության պահպանման և բարեկեցության ապահովման) իրագործման համար»,- հայտարարել է երկրի վարչապետը։
Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը նկատել է, որ ազգային ծրագիրը, բացի հոգեբանական դժվարություններ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելուց, նաև «հոգեկան առողջության ոլորտում հետազոտությունների» իրականացում է նախատեսում։
«Առողջության, աշխատանքի, գումարի, պարտքերի մասին անհանգստությունը, սթրեսը, մենակությունը, մեկուսացումը ճնշում է գործադրում մարդկանց հոգեբանության վրա։ Համավարակի հետ կապված այս տագնապները հոգեկան առողջության համար մի շարք խնդիրներ են ստեղծել, որոնք էլ պետք է լուծել ազգային ծրագրի շրջանակում»,- նշել է Հանթը։
Վերջին տեղեկություների համաձայն՝ Ավստրալիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 7022 դեպք, մահացել է 98, ապաքինվել՝ 6 301 մարդ։
Նախօրեին երկրում հայտնաբերվել է 31 նոր վարակակիր։ Վարակման դեպքերի օրական միջին աճը կազմել է 0,6 տոկոս։










