«Ուկրաինան պետք է հրաժարվի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից». Սաակաշվիլի (տեսանյութ)
Ուկրաինան պետք է հրաժարվի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից, քանի որ այն տրամադրում է այնքան գումար, «որքան հարկավոր է արտաքին պարտքի մարման համար»: Այս մասին «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում հայտարարել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ինձ թվում է, չնայած այն հանգամանքին, որ մենք պարտավոր ենք համագործակցել ԱՄՀ-ի հետ, պետք է նայենք, թե նրանք որքան գումար են մեզ տալիս: Նրանք մեզ տրամադրում են հենց այնքան գումար, որով հնարավոր կլինի ուղղակի մարել արտաքին պարտքը: Եվ մենք անընդհատ ստիպված ենք անցնել դրա միջով և խոնարհվել: Ես ժամանակին Վրաստանում հրաժարվել էի ԱՄՀ-ի ծառայություններից: Կարծում եմ, որ Ուկրաինան բավականին ներուժ ունի, որպեսզի հրաժարվի դրանից: Իհարկե, ոչ նրա համար, որ վերադարձնի նախկին գողերին, այլ նրա համար, որ քաղաքակիրթ ճանապարհով բարեփոխումներ և փոփոխություններ իրականացնի: Եվ այդտեղ մեզ մոտ ամեն ինչ առջևում է»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում է նշանակվել մայիսի 8-ին:










