Շրի Լանկայում ռուսաստանցիների հյուրանոցային համարում հարյուրավոր կենդանիներ և միջատներ են գտել. նրանց սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում
Շրի Լանկայում պատրաստվում են դատել կենդանաբան, Դոնի Ռոստովի կենդանաբանական այգու աշխատակից Ալեքսանդր Իգնատենկոյին: Փետրվարին նա երկու ընկերների հետ մեկնել էր Շրի Լանկա, նրան ձերբակալել են ազգային պարկերից մեկում, իսկ նրա և ընկերների հյուրանոցային համարում հարյուրավոր կենդանիներ և միջատներ գտել: Այժմ նրանց կասկածում են մաքսանենգության համար և կարող են դատապարտել երկարամյա բանտարկության. կղզում շատ խիստ բնապահպանական օրենքներ են գործում: Իգնատենկոն meduza.io կայքի հետ զրույցում վստահեցրել է, որ կենդանիներին և միջատներին հավաքել է՝ ելնելով կենդանաբանության նկատմամբ իր սիրուց:
27-ամյա Իգնատենկոն Շրի Լանկա է մեկնել իր համալսարանական ընկերներ Արտյոմ Ռյաբովի և Նիկոլայ Կիլաֆյանի հետ: Կենդանաբանությամբ նրանցից զբաղվում է միայն Իգնատենկոն, սակայն Կիլաֆյանն էլ իր հերթին հետաքրքրվում է բնության լուսանկարներով:
Իգնատենկոն վստահեցրել է, որ իրենք կենդանիներին հավաքել են սենյակում նրանց ավելի լուսավոր վայրում լուսանկարելու համար և պատրաստվում էին բաց թողնել:
Հաղորդվում է, որ նրանց սենյակում գտել են ավելի քան 20 տեսակի 500 միջատ և կենդանի, իսկ մեքենայի մեջ՝ ևս 184 միջատ:
Արդյունքում մարտի սկզբից ռուսաստանցիները մեկ ամսից ավելի անցկացրել են 10 մետր լայնությամբ և 15 մետր երկարությամբ բանտախցում, որտեղ բացի նրանցից գտնվել է ևս 86 բանտարկյալ, նրանք ստիպված են եղել քնել բետոնե հատակին: Բռնության չեն ենթարկվել, սակայն կծու կերակուրի պատճառով Իգնատենկոն հիվանդացել է, տեղափոխվել հիվանդանոց, ապա ապրիլի 4-ին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել: Ազատ են արձակվել նաև ընկերները, նրանք ապրում են կղզու փոքր քաղաքներից մեկում, որտեղ կորոնավիրուսի պատճառով դատարկված հյուրանոցի տերը նրանց կեցավայր է տրամադրել:
Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է 3 մլն ռուբլու չափով տուգանք կամ մինչև 40 տարվա ազատազրկում՝ տուգանքը չվճարելու դեպքում:










