Թրամփը կորոնավիրուսի հետևանքով կորցրել է 2 մտերիմ ընկերներին. Интерфакс

02:21 • 15.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո մահացել են անձամբ իր ճանաչած մարդկանցից 5-ը, որոնցից 2-ն իր մտերիմ ընկերներն էին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

«Ես կորցրել եմ 5 ծանոթի, որոնցից 2-ն իմ ամենալավ ընկերներն էին»,- հայտնել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում՝ Բժշկական սարքավորումների բաշխման կենտրոնի աշխատակիցների առջև:

Նա հավելել է, որ սովորաբար հարբուխով կամ գրիպով վարակվելու դեպքում մարդիկ արդեն մի քանի օր բուժումից հետո իրենց լավ են զգում: Սակայն, կորոնավիրուսով վարակման դեպքում իր ընկերների վիճակը նույնքան օրեր անց միայն վատացել է:

«Դուք զանգահարում եք 2 օր անց՝ իմանալու համար, թե ինչպես են իրենց զգում, իսկ ձեզ պատասխանում են՝ «Սըր, նրանք կոմայի մեջ են»»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ մինչ կորոնավիրուսով վարակումն իր ծանոթների առողջությունը լավագույն վիճակում չէր, «կատարյալ» չէր նաև նրանց քաշը:

«Նրանք մահացել են, և դա սարսափելի է»,- հավելել է Թրամփը: