ԱՄՆ-ն Հնդկաստանի համար նախատեսված MH-60R ուղղաթիռների արտադրություն կսկսի. Պենտագոն
Ամերիկյան պաշտպանական Lockheed Martin կորպորացիան ստացել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ Հնդկաստանի Զինված ուժերի համար 21 միավոր MH-60R Seahawk ծովային ուղղաթիռների արտադրության և մատակարարման մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ամերիկյան գերատեսչության տարածած հաղորդագրությանը:
«Lockheed Martin ընկերության հետ ստորագրվել է 904.8 միլիոն դոլարի վերաբերյալ համաձայնություն՝ ի հավելումն նախկինում կնքված պայմանագրի: Այն ենթադրում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի համար MH-60R Seahawk՝ 3, և Հնդկաստանի կառավարության համար 21 միավոր MH-60R ուղղաթիռների մատակարարում»,- տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից:
Հաղորդագրությունում ենթադրվում է, որ լրացուցիչ համաձայնության շրջանակում տարվելիք աշխատանքները կատարված կլինեն մինչև 2024-ի սեպտեմբերը: ԱՄՆ ՌԾ ուժերի համար ուղղաթիռների գնման նպատակով կհատկացվի 113.1 միլիոն դոլար, իսկ Հնդկաստանի համար՝ 791.7 միլիոն: Այսպիսով 1 միավոր MH-60R-ը Նյու Դելիի համար կարժենա 37.7 միլիոն դոլար:
Հնդկաստանի համար Seahawk ուղղաթիռների գնումը կիրականացվի ռազմական արտադրանքի արտասահմանյան մատակարարումների ամերիկյան ծրագրով:










