ԱՄՆ-ում և Եվրոպայում կորոնավիրուսի ֆոնին երեխաների մոտ բորբոքային հիվանդություն է զարգանում. Life.ru
ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իտալիայում երեխաների մոտ գրանցվել են Կավասակի բորբոքային հիվանդության դեպքեր: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հավելելով, որ բժիշկները հիվանդությունը կապում են կորոնավիրուսի համավարակի հետ: Փոքրիկ պացիենտները հիվանդանոց են գալիս ցանով, ջերմությամբ, որովայնի շրջանում ցավով և փսխումով:
Հիվանդության բռնկում է գրանցվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ապրիլի 27-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում բուժհաստատություններ է դիմել 17 անչափահաս: Նրանց միջին տարիքը 7.5-ն է(3,7-ից 16տ.): Երեխաների 60 տոկոսի ծնողներից գոնե մեկը աֆրիկական ծագմամբ է: Նման տվյալներ են հրապարակվել medRxiv բժշկական պորտալում տեղ գտած զեկույցում: Միևնույն ժամանակ, վերջին 2 տարվա ընթացքում չի եղել այնպիսի 2-շաբաթյա ընթացք, որի ժամանակ հիվանդությունը գրանցված լինի 1-ից ավելի երեխայի մոտ:
Իտալիայում փորձագետներն ընդգծում են Կավասակի հիվանդության աճը Բերգամո նահանգում նախորդ տարիների համեմատ: Lancet ամսագրի տվյալներով՝ 5 տարիների ընթացքում՝ 2015-ի հունվարի 1-ից 2020-ի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, գրանցվել է հիվանդության 19 դեպք: Այնինչ 2020-ի փետրվարի 18-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցներում կավասակի հիվանդությամբ արդեն 10 երեխա է հայտնվել, որոնցից 8-ի մոտ կորոնավիրուս է հաստատված:
Փորձագետները չեն բացառում երկու հիվանդությունների միջև առկա ուղիղ կապը, սակայն միևնույն ժամանակ դժվարանում են ասել, թե որքանով են դրանք կապված:
Համանման իրավիճակ է նկատվում նաև ԱՄՆ-ում: Ինչպես թվիթերյան իր էջում հայտնում է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, բորբոքային հիվանդությունը հաստատվել է արդեն 17 նահանգներում: Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն հաղորդել է 100 փորքիկ պացիենտների մասին, որոնք հիվանդանոցներ են դիմել նման ախտանշաններով: Նրանցից 3-ը մահացել է:










