ԱՄՆ-ն համարում է, որ Աֆղանստանում տեղի ունեցած վերջին 2 ահաբեկչական գործողություններն իրականացրել է ոչ թե «Թալիբանը», այլ՝ «ԻՊ»-ն. РИА Новости
ԱՄՆ-ն եզրահանգման է եկել, որ Աֆղանստանում այս շաբաթ տեղի ունեցած երկու հարձակումներն իրականացվել են «Իսլամական պետություն - Հորասան» ահաբեկչական կազմակերպության կողմից, այլ ոչ թե ծայրահեղական «Թալիբան» շարժման: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադի հայտարարությանը:
«ԱՄՆ կառավարությունը եզրահանգման է եկել, որ «Իսլամական պետություն - Հորասան»-ն է իրականացրել այս շաբաթ ավելի վաղ Աֆղանստանի ծննդատներից մեկում և թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակումները»,- գրել է նա թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողություններից հետո երկրի նախագահ Աշրաֆ Հանին ուժային ստորաբաժանումներին հրահանգել էր «Թալիբանի» դեմ պայքարում անցնել «հարձակողական» մարտավարության:










