Ուհանում COVID-19-ի զանգվածային թեստավորումն անվճար կլինի

10:31 • 18.05.20

Չինաստանի Ուհան քաղաքում ամբողջ բնակչության՝ COVID-19 կորոնավիրուսային վարակը ախտորոշող զանգվածային թեստավորումը բացարձակապես անվճար կլինի բնակիչների համար, ասված է քաղաքի առողջապահության հարցերով կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում է ria.ru-ն։

Կորոնավիրուսի օջախ Ուհան քաղաքի օպերատիվ շտաբը ցուցում է տվել տասն օրվա ընթացքում զանգվածային թեստավորում անցկացնել ամբողջ բնակչության շրջանում, երբ քաղաքում վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել: Զանգվածային թեստավորումը սկսվել է մայիսի 14-ին։

«Ծախսերը քաղաքի կառավարության և շրջանի միջև են բաշխվում։ Քաղաքի բնակիչները ոչ մի լումա չեն վճարի»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ թեստավորման մասին որոշումն ընդունվել է քաղաքում ամեն օր ասիմպտոմատիկ դեպքերի արձանագրման ֆոնին։

Թեստավորման կենթարկվեն քաղաքում մշտապես բնակվող և ժամանակավորապես բնակություն հաստատած բնակիչները, որոնք նախկինում թեստավորում չեն անցել: Ընդ որում, առաջնային կլինի այն շրջանների բնակիչների թեստավորումը, որտեղ նախկինում եղել են վարակման օջախներ և որտեղ բնակվում են տարեց մարդիկ։