«Դա այնքան էլ քաղաքավարի հարց չէ». Ջասինդա Արդերնն իր արտաքինի հետ կապված հարցից հետո նկատողություն է արել հաղորդավարին (տեսանյութ)

12:25 • 18.05.20

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը նորզելանդական The AM Show հաղորդման ուղիղ եթերում նկատողություն է արել հաղորդավար Ռայան Բրիջին, որն Արդերնին արտաքին փոփոխության հետ կապված անհարիր հարց է տվել, գրում է Daily Mail-ը։

Ըստ հաղորդման՝ հաղորդավարը Ջասինդա Արդերնին հարցրել է, թե ինչու է վերջինս որոշել ներկել վարսերը և արդյոք դա արել է ճերմակած մազերը թաքցնելու համար։

«Եվ առհասարակ, ինչո՞ւ եք ներկում ձեր վարսերը: Ճերմակո՞ւմ են, թե՞ ուրիշ պատճառ կա»,- ասել է հաղորդավարը։

«Դա այնքան էլ քաղաքավարի հարց չէ ինչ-որ մեկին տալու համար, ուզում էի ասել՝ կանանց հարցնելը, բայց իրականում՝ ցանկացածին»,-ասել է վարչապետը:

Կարճ լռությունից հետո, նա ժպիտով հաստատել է, որ «մի փոքր գունափոխել է» վարսերը։

Հաղորդավարն անհարմար իրավիճակը շտկելու համար հաճոյախոսություններ է հնչեցրել Արդերնի հասցեին։

«Հիանալի տեսք ունեք, վարչապետ։ Ճերմակած մազերի մասին հարցրի, քանի որ դուք վարչապետ եք և այդ աշխատանքը ստիպում է մարդկանց ճերմակել»,- ասել է նա, ինչին Նոր Զելանդիայի վարչապետը պատասխանել է․ «Այո, այդպես էլ կա, ես դա լիովին ընդունում եմ։ Շնորհակալություն հիշեցման համար»։