Իրաքի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ առաքելությանը Բաղդադում ԼԳԲՏ դրոշը բարձրացնելու համար և կոչ արել հարգել երկրի ավանդույթներն ու օրենքները
Իրաքի արտգործնախարարությունը քննադատել է Եվրամիության առաքելությանը Բաղդադում ԼԳԲՏ համայնքին պատկանող դրոշը բարձրացնելու համար և կոչ արել նրանց հարգել երկրի ավանդույթներն ու օրենքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Երկրի տեղական լրատվամիջոցները կիրակի տարածել էին Եվրամիության թվիթերյան օգտահաշվում հրապարակված ԼԳԲՏ դրոշի լուսանկարը, որը բարձրացվել է Բաղդադում։ Հրապարակված լուսանկարին կից տեքստում ասվում է, որ ակցիան նվիրված է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան և կազմակերպվել է Իրաքում Կանադայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների հետ միասին: Այժմ Եվրամիության առաքելության սոցցանցային էջերում այդ հաղորդագրությունն այլևս հասանելի չէ։
«Իրաքի արտգործնախարարությունը քննադատում է Եվրամիության առաքելության և Իրաքում գործող այլ դիվանագիտական առաքելությունների արարքը, քանի որ այն դեմ է բոլոր կրոնների (իսլամ, քրիստոնեություն, հուդայականություն) բարձր սկզբունքներին ու արժեքներին»,- ասվում է արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը հավելել է, որ այդ գործողություններն իրաքցիների կրոնական զգացմունքների նկատմամբ սադրանք են համարվում։
«Այս առումով հիշեցնում ենք, որ Իրաքում դիվանագիտական առաքելությունը պետք է հետևի երկրի օրենքներին, իրաքյան հասարակության կողմից ընդունելի սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտնի է, որ Իրաքի օրենսդրությունը նույնասեռ կապի համար պատիժներ չի սահմանել, միևնույն ժամանակ արտամուսնական հարաբերություններն այստեղ օրենքից դուրս են համարվում:










