Apple-ն ամբողջ աշխարհում մոտ 100 խանութ է վերաբացել
Ամերիկյան Apple կորպորացիան կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխատանքը դադարեցրած ավելի քան 100 խանութ է վերաբացել, հայտնի է դառնում ընկերության պաշտոնական կայքից։
«Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում մեր խանութներից գրեթե 100-ը կրկին բացել է իր դռները հաճախորդների առաջ»,- նշել է Apple ընկերության մանրածախ ցանցի տնօրեն Դեյրդրը O'Բրայենը։
Այսպիսով՝ նախորդ շաբաթ Գերմանիայում վերաբացվել են ընկերության բոլոր խանութները, Չինաստանում նույնպես կորոնավիրուսի համավարակի ընթացքում փակված խանութներն արդեն վերսկսել են աշխատանքը։
Ընկերությունը նշում է, որ յուրաքանչյուր խանութում փորձում են կրճատել աշխատակիցների թիվը և ավելի շատ ազատ տարածք թողնել, որպեսզի այցելուները կարողանան սոցիալական հեռավորություն պահել։ Բացի այդ՝ Օ’Բրայենի խոսքով՝ խանութներն ապահոված են լինելու անհատական պաշտպանության բոլոր միջոցներով, մուտքից առաջ ջերմաչափվելու են բոլոր այցելուները։
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 316 732-ի, գրանցվել է վարակման 4 805 210 դեպք, ապաքինվել է 1 860 051 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։










