«ԱՄՆ-ն թոքերի արհեստական օդափոխության սարքեր է ուղարկել Ռուսաստան». Պոմպեո
Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին բարդ է, և ԱՄՆ-ն ուրախ է օգնել այդ երկրին` ուղարկելով թոքերի արհեստական օդափոխության և թեստավորման համակարգեր: Այս մասին Washington Examiner-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Այո, այնտեղ իրոք բարդ իրավիճակ է: Նամանավանդ Մոսկվայում: Մոտ մեկ շաբաթ առաջ, միգուցե մի փոքր ավելի շուտ, մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ: ԱՄՆ նախագահը համաձայնել է զգալի օգնություն ուղարկել Ռուսաստան. խոսքը թեստավորման համակարգերի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մասին է: Այն արդեն ճանապարհին է: Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք օգնել նրանց հաղթանակ տանել այդ վիրուսի նկատմամբ»,-ասել է Պոմպեոն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մի շարք ոլորտներում կարող են արդյունավետ համագործակցել: Մասնավորապես, պետքարտուղարը հիշել է, որ երբ գլխավորում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը, արդյունավետ համագործակցում էր Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում:
Միևնույն ժամանակ Պոմպեոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նաև մեծ դժգոհություն ունի Ռուսաստանի որոշ գործողությունների առնչությամբ՝ մասնավորապես Սիրիայում և Ուկրաինայում:
Իր հերթին «Ամերիկայի ձայնը» տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին թոքերի արհեստական օդափոխության 200 սարքավորում կփոխանցի: Նշվում է, որ առաջին 50 սարքավորումները Մոսկվա կուղարկվեն այս շաբաթ, ռազմական ավիացիայի օգնությամբ: Մյուս 150-ն ուղարկվելու է մայիսի 26-ին: Ռուսաստանը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:
Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունն ամբողջովին ֆինանսավորելու է սարքավորումների արտադրությունն ու մատակարարումը: Դրա վրա կծախսվի 4,7 միլիոն դոլար:










