Երևանի թիվ 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով. այն անորոշ ժամկետով փակ կմնա
Երևանի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել: Թեստի դրական պատասխանն այսօր է ստացել:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Համապատասխան աշխատանքներ են իրականացվել և պարզվել է կոնտակտավորների շրջանակը: Նրանք ինքնամեկուսացվել են»,- տեղեկացրեց նա:
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն:
Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք: Մահացել է 4 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5928 է, մահացածների թիվը՝ 74:
Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2874, փաստացի բուժվողներինը՝ 2952: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 47654 քաղաքացի:
Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 22-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 28 է:










