Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ և ուժեղ են իրականացվել․ նախարար

13:50 • 22.05.20

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս։ Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս եղավ, որ Վրաստանին հաջողվեց կոտրել վարակի տարածման տեմպը, իսկ ՀՀ-ում թվերն աճում են։

Նրա խոսքով՝ իհարկե դա բերում է հետևանքների՝ սկսած գնաճից, վերջացրած  արտարժույթի ինֆլյացիայով: Նա ասաց նաև, որ Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես համաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմասոտվ: Թորոսյանը նշեց նաև, որ կա մեթոդաբանության տարբերություն, հատկապես այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես:

«Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք Վրաստանում հաշվարկում են որպես թեստ: Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և անկեղծ ասած չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք  հավաստի և վստահելի չեն:»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նաև ասաց, որ հիվանդների խորը  սորտավորման կարիք կլինի, եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանոմ շարունակի աճել: Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին ունենք 202 ինտենսիվ թերապիայի մահճակալ՝ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը:

«Դեռ կան ազատ մահճակալներ, բայց  դրանց զբաղվելն ու ազատվելը հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում: Կարող են շատ արագ զբաղեցնել, բայց դրա ազատումը երկար է տևում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով մոբիլիզացված ռեսուրսներն ինչ-որ պահի կարող է չհերիքեն: Այդ դեպքում կա մշակած մարտավարությունը, ինչն ըստ նախարարի՝ ամենաանցանկալին է,  որը կուզենար, որ տեղի ունենար:

«Խոսքը վերաբերում է առողջապահական ամբողջ համակարգի ներգրավմանը: Այսինքն, բոլոր հիվանդանոցների բոլոր ռեանիմացիաների, ամբողջ բժշկական անձնակազմի ներգրավումը: Դա կարող է անխուսափելի լինել, ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք այսպիսի բարձր թվեր»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով, այս ամենը կարող է հանգեցնել այլ վատ սցենարների, մասնավորապես՝ բուժաշխատողների շրջանում վարակվածության դեպքերի աճի:

«Մենք մինչև այսօր ունենք մոտ 350 վարակված բուժաշխատող: Հուսանք, որ բոլորը կառողջանան ու որևէ վատ ելքով դեպք չենք ունենա: Կարող է նաև մեկ այլ վատ դեպք տեղի ունենալ, երբ հիվանդանոցներում բուժվող այլ քրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները կարող են վարակվել և նրանց առողջական, առանց այն էլ վատ վիճակը վատանա կորոնավիրուսի պատճառով: Դրա համար մեր գերնպատակն է այդպիսի սցենարի թույլ չտալը»,- ասաց նախարարը: