Ստամբուլի քաղաքապետը դատի է տվել ներքին գործերի նախարարին իր դեմ 27 հետաքննություն վարելու առնչությամբ

10:14 • 22.05.20

Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն դատական հայց է ներկայացրել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և քննիչ Արիֆ Յըլդըրըմի դեմ: Այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը:

2019 թվականի մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկման և  նոր ընտրությունների նշանակումից հետո ներքին գործերի նախարար Սոյլուն թույլ էր տվել քննիչ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի նախկին թեկնածու Արիֆ Յըլդըրըմին քննություն սկսել Իմամօղլուի` Բեյլիքդյուզու շրջանի համայնքապետ եղած ժամանակ գործունեության վերաբերյալ: Վեց ամիս տևած քննությունից հետո Սոյլուի հավանությամբ Յըլդըրըմը ընթացք էր տվել Իմամօղլուի նկատմամբ 27 հետաքննության:

Իմամօղլուի փաստաբան Քեմալ Փոլաէը դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն` հայց ներկայացնելով Սոյլուի և Յըլդըրըմի դեմ:

Իմամօղլուն նրանց մեղադրում է իր նկատմամբ կեղծ փաստարկներ բերելու, փաստաթղթեր կեղծելու և դրանցով շինծու քրեական գործեր սարքելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 27 հետաքննություն է սկսել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ: Հետաքննությունները կապված են 2014-2019 թվականներին Իմամօղլուի կողմից գլխավորված Ստամբուլի Բեյլիքդյուզու շրջանի համայնքապետարանի գործունեության հետ: