«Աստված սեր է»․ Թրամփը շրջել է Սպիտակ տան շրջակայքում, Աստվածաշունչը ձեռքին լուսանկարվել նախօրեին հրդեհից տուժած եկեղեցու մոտ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Սպիտակ տան շրջակայքում, դիտել Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հրդեհներից տուժած շենքերը, գրում է The Guardian-ը։
Երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարի մասին Սպիտակ տան Վարդագույն պարտեզում ելույթ ունենալուց հետո պետության ղեկավարը թիկնապահների և լրագրողների ուղեկցությամբ դուրս է եկել Լաֆայեթի պուրակ:
Հայտնի է, որ Թրամփի՝ պուրակ դուրս գալուց մեկ ժամ առաջ ստիկանությունը լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է այնտեղ հավաքված ցուցարարներին։
Նախագահը շրջել է պուրակով և կանգ առել Սուրբ Հովհաննեսի եկեղեցու մոտ։ 19-րդ դարասկզբի շինությունը պատմական տեսարժան վայր է և նախօրեին խիստ տուժել է հրդեհի հետևանքով։
Աջ ձեռքին պահելով Աստվածաշունչը՝ Թրամփը մոտեցել է շենքին, բարձրացրել այն` ասելով․ «Աստված սեր է»։
Թրամփը, որին ուղեկցել է նաև ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, դիրքավորվել է եկեղեցու առջև՝ Աստվածաշունչը ձեռքին լուսանկարվելու, ինչի ժամանակ լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն «աշխարհի մեծագույն երկիրն է և այդպես էլ կմնա»։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» էր որակել ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերը։













