Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ նման բնույթի անօրինական որոշում պետք է երկար փնտրել. Ամրամ Մակինյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշման վերացումը Վերաքննիչ դատարանի կողմից սպասելի էր, որովհետև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն ակնհայտ ապօրինի որոշում էր կայացրել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։
«Կալանավորման որոշումը վերացվել է, երբ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերանում է, ուրեմն որոշման հետևանքները նույնպես վերանում են: Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր, որովհետև ուղղակի խայտառակություն էր՝ օրինականության շեմով: Նման բնույթի անօրինական որոշում պետք է երկար փնտրել»,-ասաց Մակինյանը:
Նրա խոսքով՝ այժմ չեն զարմանա և սպասելի է, որ իշխանությունը Միքայել Մինասյանի վերաբերյալ այլ «գործեր» կփնտրի:
«Հիմա մենք արդեն չենք զարմանա, որ պարոն Մինասյանին վերագրվի Գառնու տաճարի սեփականաշնորհում»,-ասաց Մակինյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը):










