Հայաստանը ձեր կարիքն ունի. Ռուստամ Բադասյանը՝ պարեկային ծառայողների ցանկը համալրելու մասին (տեսանյութ)

19:58 • 04.06.20

Հենց հիմա ՀՀ–ն ձեր կարիքն ունի` նոր սերնդի կարիքը, և առանց ձեզ բարեփոխումներն ուղղակի ձախողված կլինեն: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով պարեկային ծառայության ստեղծման գաղափարի և ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին: 

Բադասյանը նշեց, որ հիմա ճիշտ ժամանակն է համակարգում փոփոխություններ անելու: Նա շեշտեց, այս բարեփոխումների համար ակտիվ մասնակցություն են ակնկալում: «Մեր դիրքորոշումը նա է, որ պարեկային աշխատանքի անցնելու պահանջները  մինիմալ լինեն, միջնակարգ կրթություն լինի, որպեսզի հնարավորինս շատ կադրային ընտրությունների հնարավորություն ունենաք»:

Նախարարի խոսքով` պարեկային ծառայությունից սկսելով ու ոստիկանի նախնական կրթություն ստանալով` հետագայում ոստիկանության այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու համար Ոստիկանության ակադեմիայում կլինեն վերապատրաստման դասընթացներ։ Այսինքն` սկսելով պարեկային ծառայությունից, հետագայում վերապատրաստվելով` հնարավորություն կտրվի անձանց ոստիկանության, օրինակ՝ կրիմինալ բաժնում աշխատել, քննչական մարմնում աշխատել։

Նա հիշեցրեց, որ պարեկային ծառայության ընդունելության համար շուտով դիմումների ընդունման փուլը կսկսվի, որի համար արդեն 400 անձ հետաքրքրություն է դրսևորել, որոնց մեջ քիչ չէ կանանց քանակը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն ընդունեց  «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց փաթեթով նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության:

Մանրամասները՝ տեսանյութում։