Ըստ պարետատան կողմից դիտարկվող սցենարներից մեկի՝ քննարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ ՀՀ պարետի խոսնակ

22:56 • 04.06.20

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է․

«Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը»,– նշել է Հունանյանը:

Ավինյանի խոսնակը նաև նշել է, որ հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին: