Վերջին շրջանում ավելացել է ծանր հիվանդների և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, որի բացատրությունը բոլորիս անզգուշությունն է ու անփութությունը, գուցե՝ ըմբոստությունը. Լիլիթ Մուսեյան

19:53 • 04.06.20

Կորոնավիրուսի տարածումը խնդիր է, բոլորիս խնդիրն է, միայն առողջապահական համակարգի խնդիրը չէ: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը:

«Վերջին շրջանում ավելացել է ծանր հիվանդների թիվը, ավելացել է ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, որի բացատրությունը մեր բոլորիս անզգուշությունը, անփութությունը և գուցե ըմբոստությունն է»,- ասաց նա:

Մուսեյանը նշեց, որ պայքարը ցանկացած քաղաքացու համար է: Նա կոչ արեց, որ բոլորը պայքարեն, որպեսզի բժիշկները վերադառնան իրենց ընտանիքներին և նախկին կյանքին: «Մենք ենք որոշում վարակվե՞լ, թե չվարակվել, վարակե՞լ մեր հարազատներին, թե չվարակել, դադարեցնե՞լ այս գոյամարտը, թե անվերջ շարունակել»:

Նա նշեց, որ իրավիճակը, որքան էլ ծանր լինի, բուժաշխատողները հետ չեն գնալու և չեն նահանջելու հիվանդությանը, ուստի, պետք է հիվանդության պայքարում միասնական լինել: