Մուշի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել ու հայտնաբերել գողոնը (տեսանյութ)

21:43 • 04.06.20

Մայիսի 28-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի Սավոյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տնակի մուտքի դռան փականը և գողացել հեռուստացույց ու համակարգիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Օպերատիվ խումբը մեկնել էր Սավոյան փողոց: Իրավապահներն ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել արձանագրություններ: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ հունիսի 1-ին բնակարանային գողության վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց. դարձյալ օգտվելով տանտերերի բացակայությունից` կոտրել էին Շարա Տալյան փողոցի տներից մեկի դուռը և գողացել հեռուստացույց:

Ձեռագիրը նույնն էր: Մշակվեց օպերատիվ պլան: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, և փոխգործակցությունն օրեր անց դրական արդյունք տվեց:

Իրավապահները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունները հնարավոր է կատարած լինի նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սավոյան փողոցի 36-ամյա մի բնակիչ:
Հունիսի 3-ին, ժամը 12.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: