Վաշինգտոնի իշխանությունները չեղարկում են Ջորջ Ֆլոյդի սպասնությունից հետո տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին սահմանված պարետային ժամը

21:39 • 04.06.20

ԱՄՆ մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են չեղարկել պարետային ժամը, որը սահմանվել է կիրակի օրվանից՝ պայամանվորված ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո չդադարող ցույցերի ժամանակ տեղի ունեցող անկարգություններով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը: «Այսօր երեկոյան պարետային ժամ չենք սահմանի»,- ասել է քաղաքագլուխը:

Վաշինգտոնը նախօրեին երկարաձգել էր պարետային ժամը, ինչպես և մի շարք այլ ամերիկյան քաղաքներ, որտեղ նույնպես մեծ թափ էին ստացել բողոքի ցույցերն՝ ուղղված ոստիկանական դաժանության դեմ:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: