Ես իհարկե ցավում եմ նման զարգացումների համար, բայց մեր երկրի անվտանգության շահը պահանջում էր կայացնել նման որոշումներ. վարչապետը՝ պաշտոնանկությունների մասին (տեսանյութ)

19:19 • 08.06.20

Ես իհարկե ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  իր որոշմանը, համաձայն որի՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրենի, գնդապետ Արման Սարգսյանը՝ ՀՀ ոստիկանապետի:

«Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ  շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ, և ես ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին և նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն, հարսին, նաև հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն: Էլի ուզում եմ ասել, որ շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում որոշումները միանշանակ չեն լինում, բայց հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգուկանոնը արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթութուն և ստանում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ առավել ևս պետական կառավարման և ՏԻ բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն, որ կարողանան սեփական օրինակով քաջալերել հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը:

«Ինչ վերաբերում է մեր հարգելի գործընկերներին, ես այսօր ասել եմ, որ չեմ կարծում, թե ՀՀ-ին և հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտենցիալը սպառված է, և ըստ իրավիճակի, հնարավոր եմ համարում, որ մենք քննարկենք նաև հետագա ծառայությությունների հարցը»,-ասաց վարչապետը: