ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին կոչ է արել շարունակել Արցախի ականազերծման և վերականգնման ծրագրերի ֆինանսավորումը
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը հեռավար կարգով ելույթ է ունեցել՝ հորդորելով շարունակել Արցախին հատկացնել ֆինանսական օգնություն։
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, կոնգրեսականը, ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առաջ, կոչ է արել շարունակել ամերիկյան ներդրումները խաղաղության հաստատման գործում՝ Արցախի ականազերծման և վերականգնման ծրագրերի միջոցով:
«Մենք ֆինանսավորել ենք Արցախում ականազերծման աշխատանքները: Եվ լինի դա ականազերծման ծրագիրը, թե կրթության բարելավմանն ուղղված ծրագիրը, խիստ կարևոր է, որ այդ 1․5 մլն դոլարի օգնությունը տրամադրվի Արցախի ժողովրդին:
Ցանկանում եմ շնորահակություն հայտնել հանձնաժողովին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերի համար և կոչ անել ներառել այդ 1.5 մլն դոլարը հատկացումների ծրագրում»,- ասել է կոնգրեսականն իր ելույթում:










