Հնդկաստանում կայծակի հարվածից ավելի քան 100 մարդ է մահացել

16:25 • 26.06.20

Հնդկաստանի հյուսիսում և արևելքում, մուսոնային սեզոնի վաղ շրջանում, կայծակի հարվածից ամենաքիչը 107 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը` հղում տալով հնդիկ պաշտոնյաներին:

Կայծակի հարվածից շուրջ 83 մարդ է մահացել արևելյան Բիհար նահանգում, ևս 24 մարդ մահացել է հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում: Պաշտոնյաները տեղեկացրել են, որ բացի զոհերից՝ տասնյակ տուժածներ կան:

Հունիսից սեպտեմբեր ընկած մուսոնային ժամանակահատվածում կայծակները բավականին տարածված են Հնդկաստանում: Բիհար նահանգի բնական աղետների դեմ պայքարի նախարար Լակսմեշվար Ռաին հայտարարել է, որ սա օրական ցուցանիշով ամենամեծ մարդկային կորուստների թիվն էր վերջին տարիների ընթացքում: Նա տեղեկացրել է նաև, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ նրա կառավարությունը դեռևս տվյալների է սպասում նահանգի ներքին շրջաններից:

Հարևան Ուտար Պրադեշ նահանգում մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Նեպալի սահմանին մոտ գտնվող Դեորիա շրջանում և Փրայագրաջ սուրբ քաղաքում:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հինգշաբթի ուշ երեկոյան իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանիքներին: