Համաձայն Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ ճիշտ կլինի անցումային շրջանի ներդրումը, որը թույլ կտա ՍԴ կազմի աստիճանաբար փոփոխություն կատարել. Ժիրայր Գերգերյան (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների շուրջ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները պահանջում են լուրջ քննարկում՝ պայմանավորված իրավունքի գերակայության համար դրանց հարուցած վտանգներով: Իրավունքի գերակայությունը պարտադիր պահանջ է ցանկացած ժողովրդավարության համար: Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը՝ ներկայացնելով «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և պոպուլիզմ» զեկույցը:
Նրա խոսքով՝ իրավունքի գերակայությունը պետք է ընկալվի որպես արդարադատության վիճակ, ոչ այն իմաստով, որ արդարադատությունը վեր է քաղաքականությունից, այլ սահմանադրական համակարգի շրջանակում որպես մասնկացություն իշխանությունների տարանջատմանը, բաժանմանը և հավասարակշռմանը, ինչը կապահովի գործառույթների ու իրավասությունների բաշխում և կերաշխավորի որոշակի անվիճելի հիմնարար իրավունքներ՝ հիմնված վերահսկելի ընթացակարգերի վրա:
Նա նշեց՝ ՍԴ դատավոր եզրույթը պետությունների մեծ մասում ի հայտ է եկել վերջերս. այն ստեղծվել է այն բանի համար, որ ժողովրդաիշխանությունը չլինի իշխանության միակ օրինական աղբյուրը:
«Սահմանադրության գործառույթն անհրաժեշտ է ՝ հաշվի առնելով իրավունքի երկու առանձին գործառույթների առկայությունը՝ երաշխավորել այն, ինչ կարևոր է մարդկային հարաբերություններում, ազատությունների և իրավունքների, ինստիտուտցիոնալ համակարգի, իշխանության տարանջատման պաշտպանություն, ադապտացում կյանքի հարափոփոխ իրողություններին, ինչն արտացոլված է հետևյալ ասույթում. «Պատգամավորները քննարկում, փոփոխում կամ ստեղծում են նոր օրենք, մինչդեռ ՍԴ-մ պաշտպանում է իրավունքը»»,-ասաց նա, ապա նշեց, թե հետևաբար, ՍԴ-ն հիմնարար դեր ունի իրավունքների և ազատությունների պահպանության գործում:
«Այսպիսով, ՍԴ-ն, հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված ազատությունները և իրավունքները, կարող է հակադրվել մայր օրենքներին, որոնք մարմնավորում են խորհրդարանում մեծամասնություն ունեցող կառավարության մոտեցումները: ՍԴ-ն իրականացնում է վերահսկողության գործառույթ, որն ունի իրավական և ոչ թե քաղաքական բնույթ: ՍԴ դատավորների նշանակումը, նրանց պաշտոնավարման ժամկետը, այդ ժամկետում նրանց անփոփոխելիությունը բխում է անկախության և անաչառության սկզբունքից, որը պետք է գերիշխի՝ ելնելով Սահմանադրության իրավական երաշխավորվածությունից»,-ասաց Գերգերյանը:
Նա ընդգծեց՝ հասկանալի է՝ ոչինչ չի կարող խոչընդոտել, որ Սահմանադրությունը փոփոխվի հանրաքվեի միջոցով՝ համաձայն արդեն իսկ գոյություն ունեցող սահմանադրական կարգավորումների: «Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում այլ բան չի ասել: 38-րդ կետ՝ քանի որ ՍԴ դատավորների համար սահմանափակ ժամկետի ներդրումը չի կարող բացառվել, և ընդհակառակը՝ ողջունելի է, հանձնաժողովն այն կարծիքին է, որ սկզբունքորեն ճիշտ կլինի անցումային շրջանի ներդրումը, որը թույլ կտա դատարանի կազմի աստիճանաբար փոփոխություն կատարել, ինչը կկանխի, որ այս սահմանափակումն օգտագործվի կամ դրա օգտագործումն ընկալվի որպես քաղաքական մեծամասնության տակ գտնվող գործիք՝ դատարանի կազմը փոխելու համար»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










