Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ առաքելական եկեղեցին դիտարկել ենք պարզապես շարքային կրոնական կազմակերպություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)

13:40 • 05.07.20

Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ առաքելական եկեղեցին դիտարկել ենք պարզապես որպես շարքային կրոնական կազմակերպություն: Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

«Սա մեր կողմից թույլ տված սխալն է, որը պետք է շուտ ուղղի, և ուղղվելու եղանակներից մեկն էլ համարում եմ առաքելական եկեղեցին, որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ ճանաչելը»,-հավելեց Ղամբարյանը:

Նա ընդգծեց՝ հասարակությունը պետք է հասկանա, որ Սահմանադրությունն այդքան պարզ փաստաթուղթ չէ, Սահմանադրության էությունը հասկանալու համար պետք է նախ հասկանալ սահմանադրական իրավունքի պատմությունը:

«Մեր սահմանադրական իրավունքը խորն է, և դրա ակունքները պետք է փնտրել նաև հայ առաքելական եկեղեցու կանոնական իրավունքների մեջ: Հանրային իրավունքի իրավաբանական անձի առաջին հատկանիշն այն է, որ այդ սուբյեկտն ստեղծվում է պետաիշխանական բարձրագույն մարմինների ակտով, ոչ թե սեփական նախաձեռնությամբ: Երբ որևէ կառույցի դիտում ենք որպես մանսավոր իրավունքի իրավաբանական անձ,  նշանակում է, որ այն ունի ինքնալուծարման, իր սեփականությունն ազատորեն տնօրնելու իրավունք»,-պարզաբանեց իրավագիտության դեկտոր, պրոֆեսորը:

«Մեր սահմանադրական իրավունքը և Սահմանադրության տեքստը ճիշտ ճանաչելու համար պետք է ճիշտ հասկանալ նաև օբյեկտիվ իրավունքի գոյությունը: Ոչ մի  չափանիշի չի հակասում, երբ քո ազգային եկեղեցուն հատուկ կարգավիճակ ես տալիս: Հայ առաքելական եկեղեցու և պետության փոխհարաբերությունները չպետք է կառուցվեն  պարզապես պետության միակողմանի օրենքով, ինչպես այսօր է, երբ պետությունը երբ ուզի, այդ օրենքում կարող է փոփոխություն մտցնել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։