Սահմանադրական փոփոխության գաղափարի հիմքում երբևէ չի կարող դրված լինել որևէ անհատական շահ կամ անհրաժեշտություն, կամ զուտ քաղաքական շահագրգռվածություն. սահմանադրագետ (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխության գաղափարի հիմքում երբևէ չի կարող դրված լինել որևէ անհատական շահ կամ անհրաժեշտություն, կամ զուտ քաղաքական շահագրգռվածություն, և չափազանց կարևոր է, որ սահմանադարական զարգացումների ամբողջ ընթացքը և սահմանադրական սիմվոլիզի երաշխավորումը ընդհանարապես զերծ լինեն բացառապես քաղաքական նպատակաուղղվածություն և շահագրգռվածություն ունեցող սահմանադրական զարգացումներից:
Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:
Նա նշեց, թե մարդկանց հասարակական կյանքը ձևավորելու տեսանկյունից սիմվելներն ունեն չափազանց կարևոր նշանակություն, այդ թվում՝ սահմանադրական սիմվոլիզմը:
«Սահմանադրություններն են, որ կարողացել են դառնալ այն երևույթը, որը ոչ թե զուտ փաստաթղթային ձևակերպում ունեցող նորմերի ամբողջություն է, այլ արժեքներ պարունակող որոշակի երևույթ: Սահմանադրությունը՝ որպես սիմվոլ, արժեքային նշանակություն ունեցող երևույթ, ցանկացած սուբյեկտի՝ ժողովրդի, անհատների, քաղաքական ուժերի, պետական իշխանության տեսանկյունից պետք է ոչ թե որպես գործիք ծառայի, այլ լինի այն սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ սկզբունքային տեսանկյունից որևէ տեսակի գործողություն իրականացնել»,-հայտարարեց սահմանադրագետը:
Նա նշեց, թե աշխարհում շատ քիչ սահմանադրություններ կան, որոնց տեքստերը հաճախակի են փոփոխության ենթարկվում, քանի որ անհնար է անընդհատ մի երևույթը վերացնելով՝ այն վերածել սիմվոլի, սակայն պետք է հաշվի առնել, որ հասարականա զարգացումների ու փոփոխություններին զուգընթաց՝ կարող են լինել նաև փոփոխություններ:
«Մի հարց է Սահմանադրության տեքստերի փոխարինումը, այլ հարց է Սահմանադրության տեքստային ընթացիկ փոփոխությունները և նաև Սահմանադրության զարգացման ընդհանուր գաղափարը: Պետք է գտնել պատշաճ հավասարակշռություն սահմանադրական սիմվոլիզմի և սահմանադրական զարգացումների անհրաժեշտության միջև»,-ասաց Անահիտ Մանասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։










