«Թող այս որոշումը դառնա առաջին հաստատուն քայլը դեպի խաղաղ ապագա». Հռոմի պապը հորդորել է անհապաղ կյանքի կոչել համաշխարհային հրադադար հասատելու մասին ՄԱԿ-ի բանաձևը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է արագորեն ի կատար ածել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով կոչ է արվում համաշխարհային հրադադար հաստատել՝ օգնելու արդեն իսկ ռազմական գործողություններից թուլացած երկրներին դիմակայել կորոնավիրուսի համավարակին:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, որը համավարակի ընթացքում կայացված առաջին որոշումն է, միաձայն ընդունվել չորեքշաբթի՝ առցանց քվեարկության արդյունքում:
Ելույթ ունենալով իր ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ՝ Հռոմի պապն ասել է. «Համաշխարհային և անհապաղ հրադադարի պահանջը, որը կապահովի մարդասիրական գործունեություն ծավալալելու համար անհրաժեշտ խաղաղությունն ու անվտանգությունը, արժանի է գովասանքի»:
«Հուսով եմ, որ այս որոշումը կիրագործվի արդյունավետորեն և անհապաղ՝ հանուն այն մարդկանց բարօրության, որոնք տառապում են: Թող ՄԱԿ-ի ԱԽ-ի այս որոշումը դառնա առաջին հաստատուն քայլը դեպի խաղաղ ապագա»,- եզրափակել է սրբազան քահանայապետը:










