Ամերիկյան Սիեթլ քաղաքում մեքենան ներխուժել է ցուցարաներ շարքեր. կա մեկ մահացած և մեկ վիրավոր
Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մեքենան ներխուժել է ցուցարարների շարքեր և հարվածել նրանց, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մեկ կին է մահացել, ևս մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է Seattle Times պարբերականը` հղում տալով բուժաշխատողներին:
Սիեթլի 24-ամյա բնակչուհի Սամմեր Թեյլորը մահացել է Harborview բժշկական կենտրոնում: Ցույցերի ևս մեկ մասնակից, Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքի բնակչուհի 32-ամյա Դիազ Լավը ծանր վիճակում տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Ըստ թերթի, վարորդը ցուցարարների ամբոխի մեջ է մտել մասամբ փակված ճանապարհի վրա: Նրան ձերբակալել են:
Ցույցը անցկացվում էր ընդդեմ ռասիզմի և կանանց իրավունքների պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտը ձերբակալության ժամանակ սպանվել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինի կողմից: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:










