«Արվեստն ու մշակույթը ազգի հոգին են». Բորիս Ջոնսոնը որպես օգնություն 1,8 մլրդ դոլար կհատկացնի մշակույթի ոլորտին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում մշակութային ոլորտին 1,8 մլրդ դոլար հատկացնել, գրում է The Guardian-ը։
Պարբերականը գրում է, որ շաբաթներ առաջ մշակույթի գործիչները կառավարությանը զգուշացրել էին, որ Մեծ Բրիտանիան կանգնած է անդառնալի մշակութային աղետի առաջ, ինչին ի պատասխան Ջոնսոնի կառավարությունը հայտարարել է միջոցառումների փաթեթի մասին: Դրա նպատակը երկրի թանգարանների, պատկերասրահների, թատրոնների և երաժշտական հարթակների պահպանությունն է։
Դրամատուրգ Ջեյմս Գրեհեմը, որը բազմիցս խոսել է ներդրումների անհրաժեշտության մասին, ասել է, որ գումարն ավելի շատ է, քան արվեստի մարդիկ կհամարձակվեին երազել։
«Ես կարծում եմ, որ դա զարմանալիորեն հավակնոտ փաթեթ է, հատկապես եթե այն համեմատենք մեր որոշ եվրոպական հարևանների հետ»,- ասել է նա։
Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, որ «արվեստն ու մշակույթը ազգի հոգին են»՝ խոստանալով ամեն գնով փրկել ծանր վիճակում հայտնված այդ հատվածը։










