Չինաստանի բնակիչը տուն է վերադարձել բժիշկների կողմից «մահացած ճանաչվելուց և դիակիզվելուց» երկու ամիս անց

23:09 • 06.07.20

Չինաստանի բնակիչը, որի մահվան մասին հարազատներին բժիշկները հայտնել էին երկու ամիս առաջ, վերադարձել է տուն՝ ցնցելով ընտանիքի անդամներին:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, պարզվել է, որ հիվանդանոցում նրան շփոթել են մեկ այլ հիվանդի հետ, որը նրան շատ նման է եղել: 43-ամյա տղամարդը, որի մոտ հոգեկան խանգարում կա, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել: Նրա հարազատները մարտին ոստիկանություն էին դիմել, իսկ ապրիլին իրենց հայտնել էին, որ տղամարդը, որին փնտրում են, ենթադրաբար, գտնվում է հիվանդանոցում:

Ընտանիքի անդամները մեկնել են հիվանդանոց, որտեղ նրանց հայտնել են, որ տղամարդու մոտ լուրջ ինֆեկցիոն հիվանդություն կա: Հիվանդի հորեղբայրը նշել է, որ չի կարողացել ճանաչել նրան, քանի որ վերջինս թթվածնային դիմակով է եղել: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մյուսների առողջությունը չվտանգելու համար հարազատներին թույլ չեն տվել մոտենալ հիվանդին:

Դրանից կարճ ժամանակ անց տղամարդը մահացել է: Նրա մարմինը դարձյալ չեն հանձնել ընտանիքին և անմիջապես դիակիզել են:

Հարազատները հուղարկավորություն են կազմակերպել, սակայն 2 ամիս անց նրանք ևս մեկ զանգ են ստացել Չինաստանի մեկ այլ նահանգից, որտեղ ոստիկանությունը անօթևան տղամարդու էր գտել: Հունիսին նա վերջապես վերամիավորվել է ընտանիքի հետ:

Նշվում է, որ հոգեկան խանգարման պատճառով տղամարդը չի կարողացել բացատրել, թե ինչպես է հայտնվել տնից 1500 կմ հեռու վայրում:

Հիվանդանոցում հայտարարել են, որ հիվանդին շփոթել են, որովհետև տղամարդիկ «շատ նման» են եղել: Բացի այդ, մահացած տղամարդու մոտ եղել է անհետացած չինացու անձնագիրը: Ընտանիքն այժմ փոխհատուցում է պահանջում: