Հոնքն ուղղելու փոխարեն փորձում են հանել աչքը՝ խարխլել ազգային կրթության հիմքը. հայագիտությունը թերարժևորվում է․ Ն․ Դիլբարյանը՝ դպրոցում հայոց լեզվի դասաժամերի հնարավոր կրճատման մասին

15:20 • 06.07.20

Այն փոփոխությունները, որոնք առաջարկում է ԿԳՄՍ-ն, ոչ միայն զարմանք, այլև մտահագություն են առաջացնում, որովհետև բուհերում «Հայոց լեզուն» և «Հայոց պատմությունը» ոչ պարտադիր դարձնելու և օրենքում այդ պարտադրականության կետը հանելու հիմնական, ջախջախիչ հիմնավորումն այն էր, թե դպրոցներում կուժեղացնեն հայոց լեզվի և պատմության ուսուցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով դպրոցներում «Հայոց լեզու» առարկայի դասաժամերի հնարավոր կրճատմանը:

«Այժմ տեսնում ենք օրենքի նախագիծ, որով արհեստականորեն բնագիտական առարկաները հակադրվում են հայագիտական ոլորտին, և փորձ է կատարվում հանրությանը ներկայացնել մի իրողություն, թե «Հայոց լեզուն» այնքան շատ դասաժամեր է խլել մյուս առարկաներից, որ բնագիտական բլոկը թուլացել է, և դա շտկելու միակ հնարավորությունը «Հայոց լեզվի» դասաժամերի նվազեցումն է՝ ի հաշիվ բնագիտական առարկանների: Այս իրողությունը բնավ չի համապատասխանում այն իրականությանը, որ կա մեր կրթական միջավայրում»,-ասաց նա՝ նշելով, թե կրթական միջավայրի վերլուծությունը թույլ է տալիս հավաստիությամբ պնդել, որ հայոց լեզվի իմացությունը անբարար է, այդ իսկ պատճառով աշակերտները, հետագայում դառնալով մասնագետներ, իրենց աշխատանքը վատ են իրականացնում, որովհետև վատ են տիրապետում հայերենին:

«Ես կարծում եմ՝ այսօր հոնքն ուղղելու փոխարեն փորձ է կատարվում հանել աչքը՝ խարխլել ազգային կրթության հիմքը: Իսկ ազգային, ինքնիշխան և ժողովրդավար պետության կառուցման կարգախոսը ոչ ոք դուրս չի բերել ո՛չ ՀՀ Սահմանադրությունից, ոչ էլ իր քաղաքական ուղեգծից»,-հավելեց Դիլբարյանը:

Դիտարկմանը, թե պնդում են, որ դպրոցում մյուս առարկաները ևս դասավանդվում են հայերենով, ինչը կարող է նպաստել լեզվին տիրապետելուն, Դիլբարյանն արձագանքեց, թե այդ միքտը անընդհատ հնչեցվում էր:

«Բուհում էլ էր խոսովում այն մասին, որ միևնույն է՝ առարկաները դասավանդվում են մայրենի լեզվով, բայց դարձյալ շփոթ է կատարվում, որովհետև, օրինակ, շատ դժվար և անհույս գործ է մաթեմատիկա սովորեցնել մաթեմատիկական եզրաբանությանը կամ լեզվական կառույցներին վատ տիրապետող մարդուն: Եվ, ընդհանրապես, տվյալ պետության պետական լեզուն այն գործիքն է, որով մարդը կառուցում է իր մտքերը բոլոր ոլորտներում:

Եթե նրան չես սովորեցնում իր մտքերը ճիշտ կառուցել, չես հարստացնում նրա բառապաշարը, ապա նա դառնում է վատ մասնագետ: Նաև աշակերտներին մայրենի լեզուն թերի սովորեցնելով՝ դատապարտում ենք օտար լեզուները վատ սովորելուն, որովհետև ցանկացած պարագայում օտար լեզուն սովորում են՝ մայրենի լեզվի ձևավորման հենքի վրա»,-ասաց նա՝ ընդգծելով, թե դասագրքերի խնդիր կա, ընդ որում՝ և՛ բնագիտական առարկաների, և՛ հայոց լեզվի և գրականության, հետևաբար պետք է փոխել դասագրքերը:

Անդրադառնալով հայագիտական առարկաներին առնչվող հարցերում իշխանությունների քայլերին՝ Դիլբարյանը նշեց, թե պետք է մտահոգությամբ արձանագրել, որ հայագիտության հանդեպ այսօր կա ակնհայտ թերագնահատում:

«Ես միշտ մտածել և մտածում եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է, որ ազգային պետությունն այն մեծագույն արժեքն է, որը պետք է առաջ տանել: Ընդ որում, համաշխարհային զարգացումներն ապացուցեցին, որ նեոգլոբալիստական տեսությունները տանում են դեպի ձախողում: 21-րդ դարը ազգային կայացած պետությունների ժամանակաշրջանն է, ոչ թե ինչ-որ հանրույթների: Հայագիտության դեմ թերարժեք վերաբերմունքն իրոք վտանգավոր է: Թե ինչով է պայմանավորված թերարժևորումը, ես կդժվարանամ պատասխանել. գուցե փորձի պակասությունն է կամ «ձախության» մանկական հիվանդությունը, երբ մարդիկ գալիս են ու մտածում, թե ազգայինը հին է»,-ասաց Նարինե Դիլբարյանը: