Գեղարքունիքի մարզպետը և Վարդենիսի քաղաքապետը կեղտոտ խաղերով տապալեցին Շատջրեք համայնքի դպրոցի տնօրենի մրցույթը. ուզում են իրենց թեկնածուն նշանակվի. ուսուցչուհի
ՀՀ Գեղարքունիքի մարզպետը և Վարդենիսի քաղաքապետը ինչ գործ ունեն Շատջրեք համայնքի միջնակարգ դպրոցի հետ, միտումնավոր տապալեցին դպրոցի տնօրենի մրցույթը, մարզպետը կեղտոտ խաղերով առաջ մղեց անձնական ամբիցիաները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Երազիկ Աբրահամյանը: Նա մանրամասնեց, որ դպրոցի տնօրենի մրցույթը պետք է կայանար հունիսի 23-ին, սակայն հետաձգվել է մարզպետի և Վարդենիսի քաղաքապետի միջամտությամբ, նրանք «ահաբեկել» են դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 3-ին, ովքեր պետական համակարգում են աշխատում:
«Մրցույթին մասնակցում էր մի թեկնածու՝ մեր նախկին տնօրենը՝ Աշոտ Աբրահամյանը: Դպրոցի կառավարման խորհրդի անդամների թիվը 8 է, բայց 5 հոգի հավաքվեցինք, խորհրդի անդամներից երեքը չներկայացան, իսկ ընթացակարգով խորհրդի կազմը պետք է առնվազն 6 հոգի ապահովի, որպեսզի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը տեղի ունենա: Երկուսը՝ մարզպետարանի ներկայացուցիչները՝ չկային, մյուսը նախարարության ներկայացուցիչը, ով էլի խորհրդի անդամ է, աշխատում է Վարդենիսի քաղաքապետարանում»,-մանրամասնեց նա:
Ուսուցչուհին ընդգծեց, որ երկրորդ անգամ ևս մրցույթը նույն անձանց բացակայության պատճառով չի կայացել, ավելին, ասաց, որ խորհրդի այն ներկայացուցիչը, որը հանդիսանում է նաև քաղաքապետրանի աշխատակից ներքին խոսակացությունների ժամանակ նշել է, որ եթե ներկայանար, քաղաքապետը աշխատանքից կհեռացներ, քանի որ իրեն արգելել է գնալ:
«Մարզպետն ու քաղաքապետը կրկնում եմ՝ շղթայական գործողություններով տապալել են մրցույթը, մենք տեղեկություն ունենք, որ ցանականում են դպրոցի տնօրեն նշանակվի քաղաքապետի բարեկամ Աննա Վարդանյանը, ինքը տնօրենի հավաստագիր է ստացել և ուզում են տարբեր խաղերով իրեն բերել այս դպրոց»,-ասաց նա:
Երազիկ Աբրահմյանը նշեց, որ իրենք մարզպետարանից բանավոր հավաստիացում էին ստացել, որ կարող է մրցույթի 3-րդ փուլ կայանալ ու խորհուրդը որոշի։ Սակայն այսօր արդեն պարզվել է, որ 3-րդ փուլ չի կարող լինել. նոր մրցույթ պետք է հայտարարվի:
«Իրենք ավելի վաղ էլ գիտեին, քանի որ ԿԳՄՍ-ից գրություն էին ստացել, որ 3-րդ փուլ չի կարող կայանալ, ժամանակ են ձգել, որպեսզի Աշոտ Աբրահամյանի հավաստագրի ժամկետը լրանա»,-ասաց նա:
Ուսուցչուհու խոսքով՝ դպրոցի նախկին տօրենի հետ կապված քրեական գործ կա հարուցված, բայց օրենքը նրան չի արգելում առաջադրվել, դատական վճիռ չկա, մարզպետը չէ, որ նրան մեղավոր պիտի ճանաչի: Նրա դիտարկմամբ՝ կոլեկտիվն է խնդրել, որ հրաժարական ներկայացրած դպրոցի տնօրենն առաջադրվի:
Գեղարքունիքի մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետի ԺՊ Գեղամ Չարվադարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը, մարզպետը մրցույթը չկայանալու համար որևէ գործողություն չեն կատարել:
«Մարզպետն ընդհանրապես չի միջամտել, այդտեղ խնդիրն այն էր, որ մի անգամ նախարարության ներկայացուցիչը չի եկել, թե ինչ պատճառներով, չգիտեմ: Մարզպետարանը՝ որպես դիտորդ է մասնակցում, մարզպետը խորհրդի աշխատանքներին ընդհանրապես չի խառնվում:
Իսկ երկրորդ անգամն էլ խորհուրդը պետք է 6-ով քվորում ապահովեր, որ իրավասու լիներ անցկացնելու մրցույթը, բայց եղել է 5 հոգի, մեկ անդամն արդեն արձանգրելուց 10 րոպե հետո եկել է, բայց արդեն նիստը սկսած են եղել»,-ասաց նա:
Գեղամ Չարվադարյանը նշեց, որ դպրոցի կառավարման խորհրդի կազմը հիմա պետք է որոշի, թե երբ է նոր մրցույթ հայտարարվելու:
Ինչ վերաբերում է նրան, թե մարզպետն ու քաղաքապետը դպրոցի տնօրենի իրենց թեկնածուն ունեն, նա ընդգծեց, որ եթե դպրոցի տնօրենի մրցույթին մեկ թեկնածու է մասանակցել, ինչ իմասատ ուներ այլ գործողություններ անել:
«Ամեն մարդ իր ձևով է մտածում ու խոսում, բայց փաստացի որևէ բան չկա»,-եզրափակեց նա:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մեր զանգերին չպատասխանեց:
Նշենք, որ դպրոցի ուսուցիչները ցանկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով դիմել:










