Ընտրակաշառքի գործով կալանավորվել է նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը

18:58 • 07.07.20

Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունից Վանիկ Ասատրյանը, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից:

ԱԱԾ-ից տեղեկացրեցին, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Վանիկ Ասատրյանը ևս կալանավորվել է 2017 թվականին ընտրակաշառք տալու գործով:

Հիշեցնենք, որ այս գործով ավելի վաղ կալանավորվել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Գործով մեղադրյալ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը դատարանը Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ հունիսի 21-ին մերժել էր:

Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի։