Կանադայի զինված ուժերի ծառայողը մեղադրվում է Տրյուդոյի դեմ մահափորձի համար

17:18 • 07.07.20

Կանադայի զինված ուժերի պահեստային ծառայողը մեղադրվում է երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոյի դեմ մահափորձ կատարելու համար, գրում է The Guardian-ը։

Ոստիկանության հաղորդմամբ՝  Քորի Հարենը զինված է եղել Մ 14, ինչպես նաև երկու որսորդական հրացաններով և ատրճանակով, երբ հուլիսի 2-ին ներխուժել է Կանադայի վարչապետի նստավայր՝ Ռիդո Հոլ։

21 ապօրինի զենք պահելու մեղադրանքից բացի, Հարենը մեղադրվում է նաև վարչապետի հանդեպ մահափորձի կամ նրան վնաս պատճառելու մտադրության համար։

Ռիդո Հոլն Օտտավայում Կանադայի վարչապետի պաշտոնական նստավայրն է, սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, Տրյուդոն ենթադրյալ հարձակման օրն իր ընտանիքի հետ չի գտնվել այնտեղ։

Կանադայի զինված ուժերի 46-ամյա ծառայողը ենթադրաբար ավելի քան 20 ժամ է կտրել-անցել Մանիտոբայից մինչև Օտտավա հասնելու համար և հինգշաբթի տեղական ժամանակով առավոտյան ժամը 6։30-ին իր մեքենայով հարվածել է վարչապետի պաշտոնական նստավայրի դարպասներին, ապա կարողացել է մուտք գործել տարածք։