Ծառուկյանի գործով խախտվել է քննչական ենթակայության հարցը, դատախազությունն իրավունք չուներ ՀՔԾ-ին ենթակա քրեական գործը հանձնել այլ նախաքննության մարմնի. պաշտպան

19:21 • 07.07.20

Պաշտպանության կողմի բողոքները հիմնականում վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանը, ինչպես նաև վարույթի իրավաչությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը:

Նրա խոսքով՝ վարույթի իրավաչափության հետ կապված առաջին հարցը քրեական գործի հարուցման օրինականությունն է: «Արդյոք օրինական է հարուցվել քրեական գործը, որովհետև քրեական գործի հարուցման օրինականությունից բխում է նաև ողջ գործընթացի օրինականությունը, նաև կալանք կիրառելու հիմնավորությունը:

Հաջորդ կարևոր հանգամանքը քննչական ենթակայության հարցն է: Նրա խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածից բխում է ամբողջ վարույթի իրավաչափության հարցը՝ արդյոք քրեական գործի քննությունը նաև միջնորդությունը ներկայացվել է պատշաճ սուբյեկտի կողմից: «Բանն այն է, որ ամբողջ գործընթացը ոչ պատշաճ սուբյեկտի կողմից է իրականացվում, իսկ եթե վարույթն իրականացնող մարմինը ոչ պատշաճ սուբյեկտ է, ըստ էության, խախտվել են ենթակայութան կանոնները, ուստի ամբողջ վարույթն անօրինական է»,- ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ դատախազությունն էլ վկայակոչում է քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որտեղ դատախազին իրավունք է վերապահված քրական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնելու և տալու մեկ այլ մարմնի. «Բայց դատախազությունն ուղղակիորեն շփոթում է «դատախազի լիազորություն» և «քննչական ենթակայության կանոններ» հասկացությունները, իսկ 190 հոդվածի 10-րդ կետով սահմանվում է, որ դատախազությունը իրավունք չունի հատուկ քննչական ծառայությանը ենթակա քրեական գործերի քննությունը հանձնել նախաքննության այլ մարմինների»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով դատախազության բողոքին, որ ներկայացված էր խափանման միջոց կալանք կիրառելու հիմքերին, պաշտպանն ասաց, որ դրանք հիմնավոր չէին: «Առաջին ատյանի դատարանը հիմնավոր, մանրամասն վերլուծության էր ենթարկել խափանման միջոցի հիմքերի առկայության բացակայության հարցը թե՛ թաքնվելու, թե՛ նախաքննությանը հանգամանքները: Գագիկ Ծառուկյանը ոչ թե խոչընդոտում է գործի քննությանը, այլ նպաստում է: Նպաստում է, որովհետև մասնակցել է իր հետ կապված բոլոր քննչական գործողություններին, հարցաքննվել է երկու անգամ, կարող էր ցուցմունք չտալ, լռել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններով, բայց պատասխանել է վարույթն իրականցնող մարմնի բոլոր հարցերին, իրականացվել է առերսում, որից հետո նա էլի ցուցմունք է տվել, եթե մենք սա գնահատում ենք որպես խոչընդոտ, ես այլ բան չունեմ ասելու»,- նշեց նա:

Դիլբանդյանը հավելեց, որ այս ամենը վկայում է Գագիկ Ծառուկյանի պատշաճ վարքագծի մասին, խափանման միջոց կիրառում են կանխելու ոչ պատշաճ վարքագիծը, հետևաբար թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու հանգամանքները բացակայում են: