Արտասահմանյան աջակցության օրինագծի ներկայացմանն ընդառաջ՝ ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Հայմսը աջակցություն է հայտնել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Հայմսը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առաջ, աջակցություն է հայտնել Արցախի ականազերծման ծրագրին:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, կոնգրեսականն ասել է. «Ականազերծումը Լեռնային Ղարաբաղում օգնում է խաղաղության պատրաստել այս խոցելի տարածաշրջանի ժողովուրդներին՝ հիմք ապահովելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար, որի շուրջ կարելի է վստահություն կառուցել»:
Կոնգրեսական նման ելույթով հանդես է եկել 2021 թվականի ֆինասանական տարվա շրջանակներում՝ Արտասահմանյան աջակցության օրինագծի ներկայացմանն ընդառաջ, որը տեղի կունենա այս շաբաթ: Օրինագծի շրջանակներում պարզ կդառնա Արցախի ականազերծման ծրագրին հատկացվելի օգնության ապագայի հարցը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին նման ելույթով հանդես էր եկել կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին կոչ անելով շարունակել Արցախի ականազերծման և վերականգնման ծրագրերի ֆինանսավորումը:











