«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելուց հետո Թուրքիան կտեղեկացնի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Թուրքիան զարմացած է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքից:
«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Մենք պետք է պաշտպանենք մեր նախնիների ժառանգությունը, և տաճարի կարգավիճակը դրա հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Պատասխանելով Հունաստանի, Հռոմի պապի և այլոց արտահայտած քննադատության և անհանգստության մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է. «Մենք հարգում ենք ցանկացածի կարծիքը, եթե անգամ այդ կարծիքի հետ համաձայն չենք, բայց չենք կարող ընդունել Թուրքիայի ինքնիշխանության դեմ արվող մեկնաբանությունները»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի կառույցը պետք է տեղյակ լինի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի ցանկացած փոփոխությունից, որը հնարավոր է անհրաժեշտ ուսումնասիրության կարիք ունենա Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից:










