Իրանում ձերբակալվել են երկրի հարավ-արևմուտքում բողոքի ցույցեր հրահրողները
Իրանական ոստիկանությունը ձերբակալել է անցյալ շաբաթ երկրի հարավարևմտյան քաղաքներից մեկում տեղի ունեցած բողոքի ցույցերը հրահրողներին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի Խուզեստան նահանգի իրավապահ ուժերի ղեկավար Հեյդար Աբասիին:
«Բոլոր անձինք, որոնք կապված են Բեհբահանում բողոքի ցույցերի հրահրման հետ, ձերբակալված են»,-տեղեկացրել է Աբասին՝ չնշելով ո՛չ ձերբակալվածների թիվը, ո՛չ էլ ցույցի մասնակիցների քանակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, իրանական ոստիկանությունը ցրել է երկրի հարավարևմտյան Բեհբահան քաղաքում անցկացված բողոքի ակցիան:
«Բեհբահանի փոքրաթիվ քաղաքացիներ» կոչից հետո հինգշաբթի երեկոյան հավաքվել էին քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեին երկրում տիրող տնտեսական վիճակի վերաբերյալ:










