Ամուլսարի հանքի` ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է. AntiFake.am
«Լիդիան Արմենիան» և Հայաստանի իշխանությունները, AntiFake.am-ի տեղեկություններով՝ ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Ըստ կայքի՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված ձևով:
«Մասնավորապես, բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիայի» շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։ Լուսանկարում Սիմոնյանն ու Հովհաննիսյանն են, որոնք պարբերաբար հանդիպում են, և այդ հանդիպումները «զուգադիպում» են հանքի շահագործման շուրջ կրքերի թեժացման հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Ալեն Սիմոնյանի ու Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոստիկանները չեն խոչընդոտելու «Լիդիան Արմենիայի» պահնորդների գործողություններին, բայց իշխանություններն ու հատկապես` Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չեն անելու` ի աջակցություն հանքի շահագործման, որ իրենց դեմ չլարեն բնապահպան ակտիվիստներին», -նշված է կայքում։
Ըստ աղբյուրի՝ հանքի՝ ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է:










