Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի․ ևս 2 մարդ համարվում է անհետ կորած (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, գրում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ օգոստոսի 19-ին Սան Խոակին հովտում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով սրահում գտնվող միակ օդաչուն մահացել է։ Մահացել է նաև Pacific Gas and Electric էներգետիկ ընկերության աշխատակիցը, որն օգնել է նահանգի հյուսիսում մարել խոշոր անտառային հրդեհը։
Զոհերի թվում են նաև տեղի երեք բնակիչներ՝ երկուսը Նապա և մեկը՝ Սոլանո շրջաններից։ Նրանց մահվան մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Այս պահին տարերքից տուժել է 30-ից ավելի բնակիչ և հրշեջ, երկու մարդ համարվում է անհետ կորած:
Ավելի քան 125 հազար հեկտար տարածք ընդգրկած հրդեհներն արդեն ոչնչացրել են ավելի քան 170 շենք։ Հրդեհը սպառնում է նահանգի հյուսիսում գտնվող Նապա, Սոնոմա և Սոլանո շրջանների ևս 50 հազար շենքերի: Այնտեղից տարհանվել է մոտ 100 հազար բնակիչ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Կալիֆոռնիայում լայնածավալ հրդեհ է բռնկվել: Կրակի արագ տարածման պատճառ են դարձել օդի բարձր ջերմաստիճանը, խոնավության ցածր մակարդակը և քամին։















